Foto

Պատանի բադմինթոնիստները հավաք են անցկացնում Ինդոնեզիայում

Բադմինթոնի Հայաստանի պատանեկան հավաքականը պատրաստվում է աշխարհի թիմային և անհատական առաջնությանը: Մինչ այդ հայ մարզիկները 14-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացնում մրցավայր Ինդոնեզիայում: Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն  մարզիչ Հրաչյա Պողոսյանը թիմում ընդգրկել է Արման Վարդանյանին, Գոռ Գրիգորյանին, Մանե Ստեփանյանին և Գայանե Մամաջանյանին:

Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հայ բադմինթոնիստներն օրական երկու մարզում են անցկացնում ինդոնեզական «Ջարում» ակումբի մարզիչների գլխավորությամբ.

«Այս ուսումնամարզական հավաքը կայանում է մեր հայրենակից, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի և Բալկանյան երկրների բադմինթոնի ասոցիացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանի նախաձեռնությամբ: Մասնակցում են Ինդոնեզիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Բրազիլիայի և Նոր Զելանդիայի մարզիկները»,- ասել է Պողոսյանը:

Աշխարհի պատանեկան առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին Ինդոնեզիայի Յոգյակարտա քաղաքում: