Foto

«Երևան օփենը» հաջողվեց. Նորայր Քալանթարյան

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն, «Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանն ամփոփեց մրցաշարի արդյունքները։

Ի՞նչ գնահատական կտաք «Երևան օփենին»:

- Ներկայիս մրցաշարը հաջողվեց, բայց մենք չէ, որ պետք է դատենք: «Երևան օփենի» մասնակիցները, այդ թվում հյուրերը, գոհ մնացին, իսկ նրանց կարծիքը կարևոր է: Շախմատային կայքերում «Երևան օփենն» առաջատար դիրքեր էր զբաղեցնում, եթե հաշվի չառնենք Թբիլիսիի աշխարհի գավաթը:

Նախորդ տարվա համեմատ, ի՞նչ փոփոխություններ էեն կատարվել:

- Մի քանի նրբություն հաշվի էինք առել, ինչից մրցաշարը միայն շահեց: Այս տարի «Երևան օփենն» ավելի ուժեղ կազմ էր հավաքել, ավելացել էր մասնակիցների քանակը, ընդլայնվել էր աշխարհագրությունը:

2018 թվականին Հայաստանի մայրաքաղաքը կտոնի 2800-ամյակը, և մեր ֆեդերացիան նախատեսում է մասշտաբային մրցաշար անցկացնել: Ցանկանում ենք ավելի շատ մասնակիցներ հրավիրել, ներգրավել ավելի ներկայանալի կազմ:

Մրցաշարի արդյունքներով ո՞ւմ կնշեք:

- Միջազգային գրոսմայստերների հայկական «բանակում» համալրում կա: Միջազգային վարպետ Արման Միքայելյանը զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ նրա վարկանիշը, արդեն յոթերորդ տուրից հետո հասել էր անհրաժեշտ 2500-ի: Հոկտեմբերի 12-ին՝ Անթալիայում կկայանա ՖԻԴԵ-ի համաժողովը, որտեղ Արմանին, ամենայն հավանականությամբ, կշնորհվի շախմատային ամենաբարձր կոչումը: Մենք անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնենք: