ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին, անդրադառնալով ՄՕԿ կողմից որակազրկված հայ ծանրորդների հարցին, հայտարարել է, որ 2013-ից խթանիչների օգտագործման դեպքեր հայ մարզիկների մոտ չեն գրանցվել։
«2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի մեդալակիրների դոպինգի խնդիրն առկա է: Բայց 12 թվականից հետո ՀԱՕԿ նախագահի հանձնարարականով ստեղծվեց հակադոպինգային կազմակերպություն: 2013-ից մենք այլևս դոպինգի դեպքեր չենք գրանցել, բացի մեկ դեպքից՝ պատանի ըմբիշի, ով մկանային համակարգն արագ զարգացնելու նպատակով հավելանյութեր էր օգտագործել»,-նշել է նախարարը, հավելելով, որ սպասում են ամսվա վերջում Բուխարեստում կայանալիք ՄՕԿ նիստին, որտեղ պարզ կլինի հայ մարզիկների ճակատագիրը»:
Ռոստոմյանը, խոսելով ոլորտի գրանցած հաջողությունների մասին, նշել է, որ պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերից մեծահասակների, երիտասարդների և պատանիների Հայաստանի հավաքականների մարզիկները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 148 մեդալ՝ 30 ոսկե, 34 արծաթե և 83 բրոնզե մեդալ, ձմեռային ունիվերսիադայի 1 բրոնզե մեդալ։
«Սպորտն այն ոլորտն է, որը բոլորի համար տեսանելի և չափելի է»,- եզրափակել է Հրաչյա Ռոստոմյանը:
Vesti.am









