Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Yerevan open» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի կազմակերպիչը Երևանի շախմատի ֆեդերացիան է:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ԵՇՖ-ի փոխնախագահ և գործադիր տնօրեն, մրցաշարի տնօրեն Նորայր Քալանթարյանը հայտնել է, որ մրցաշարի աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Երևան են ժամանել 13 երկրի շախմատիստներ (2016 թ. 10 երկիր էր մասնակցել):
«Ցանկանում ենք տարեցտարի ավելացնել այդ թվերը, 2018 թվականին Հայաստանի մայրաքաղաքը կնշի 2800-ամյակը, և մեր ֆեդերացիան նախատեսում է ավելի մեծամասշտաբ մրցաշար անցկացնել: Մեր առաջին փորձը 2016 թվականին հաջողվեց, քանի որ շատ շախմատիստներ նորից հաճույքով Երևան են վերադարձել: Եթե առաջին «Yerevan open»-ում խաղացել է 137 շախմատիստ, այս տարի այդ թիվը հասել է 153-ի: Ավելացել է գրոսմայստերների, ինչպես նաև միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետների քանակը (համապատասխանաբար, 25 և 29):
«Yerevan open»-ին մասնակցում են շախմատիստներ ոչ միայն Երևանից, այլև հանրապետության մարզերից և Արցախից: Նմանատիպ խոշոր մրցաշարը նպաստում է շախմատի մասսայականացմանը և հնարավորություն է տալիս տեղի շախմատիստներին ձեռք բերելու միջազգային փորձ և լրացնելու միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմա»,- հայտնել է Նորայր Քալանթարյանը:
«Yerevan open»-ը (9 տուր) կընթանա սեպտեմբերի 19-27-ը:









