Foto

«Yerevan Open» շախմատի միջազգային մրցաշարի բացումը կայցել է

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Yerevan Open» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարի բացման արարողությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՇԱ-ի տնօրեն Սմբատ Լպուտյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ մրցաշարերը մեծ նշանակություն ունեն երկրում շախմատի զարգացման համար: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

«Yerevan Open» կարող են խաղալ հայաստանցի շախմատիստներ, որոնք հնարավորություն չունեն արտերկրում նման մակարդակի մրցաշարերի մասնակցել: Սա նրանց համար հրաշալի փորձ է: Ուրախ եմ նաև, որ Հայաստանում բազմաթիվ միջազգային մրցաշարեր են անցկացվում, ինչի շնորհիվ հարյուրավոր մարդիկ կարող են մոտիկից ծանոթանալ մեր երկրին:

Այս տարի սա արդեն հինգերորդ միջազգային մրցաշարն է: Մինչև տարեվերջ Ջերմուկում և Ծաղկաձորում ևս երկուսը կանցկացնենք: Այսօր մենք ականատես ենք իսկական շախմատային տոնի, որը պետք է ավանդույթ դառնա: Հայաստանի շախմատի ակադեմիան հաճույքով է հյուրեր ընդունում իր պատերի ներսում: Հուսանք, նրանք տուն կվերադառնան ամենահաճելի տպավորություններով, իսկ մասնակիցների քանակը տարեցտարի կաճի»,-ասաց Սմբատ Լպուտյանը:

Բացման արարողությանը ներկաներին դիմեց Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Նա ողջունեց մրցաշարի մասնակիցներին, մաղթելով հետաքրքիր պայքար, իսկ հյուրերին՝ նաև հաճելի ժամանց:

«Մեր քաղաքը ջերմորեն ընդունում է ձեզ, և ես շատ եմ ցանկանում, որ շախմատային խաղին զուգահեռ կարողանաք լիարժեքորեն վայելել Երևանի գեղեցկությունը և տեսարժան վայրերը: «Yerevan Open» հայտարարում եմ բացված»,-ասաց Տարոն Մարգարյանը: