Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին քաղաքապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վախենում է իրենից։
«Նրանք ինձ անօրինական ձևով զրկեցին քաղաքացիությունից, ապա անցան սպառնալիքների, որ բոլորին կսպանեն: Այնուհետև փշալարով փակեցին Լեհաստանի հետ ամբողջ սահմանը, կանգնեցրին գնացքը, ականապատում կազմակերպեցին: Ո՞րն է իմ մեղքը: Ես մեղավոր չեմ, որ Պյոտր Պորոշենկոն այդքան վախենում է ինձնից»,- հայտարարել է նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինայի տարածք անօրինական է համարել: Վերջինս համակիրների հետ «Շեգինի» անցակետում սահմանապահների շղթան ճեղքելով, ներխուժել է Ուկրաինայի տարածք:
Սեպտեմբերի 11-ին, Ուկրաինայում երկրորդ քրեական գործն է հարուցվել նրա դեմ։ Լվովի մարզի ոստիկանությունը քրեական վարույթ է սկսել երկրի Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի երկրորդ մասով («Դիմադրություն իշխանության ներկայացուցչին»): Իսկ ավելի վաղ ուկրաինացի օրինապահներն արդեն մեկ գործ հարուցել էին Սաակաշվիլիի դեմ՝ «պետական սահմանն ապօրինաբար հատելու» փաստով:
Vesti.am