Foto

Երևանում տեղի ունեցած լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությանը Հայաստանը 9-րդն է

Սեպտեմբերի 8-10-ը Երևանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առաջնությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության (2 թիմ), Ռուսաստանի Դաշնության (6 թիմ), Ուկրաինայի (2 թիմ), Լեհաստանի Հանրապետության, Իսրայելի, Բելառուսի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Վրաստանի թիմերը:

Եզրափակիչ խաղում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը հաղթել է նույն երկիրը ներկայացնող Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգին:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից լավագույնը 9-րդ տեղը զբաղեցրած Անդրեյ Սիմոնի-Աշոտ Բալաբեկյան զույգի արդյունքն է, որը հնարավորություն է տվել մեր տղաներին կուտակել օլիմպիական վարկանաիշային միավորներ՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Նշենք, որ մեր թիմը լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությանը մասնակցում է 2-րդ անգամ:

Տեղեկացնենք, որ առաջնության եզրափակիչ օրվա խաղերին ներկա է գտնվել և հաղթողներին պարգևներ է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: