Foto

Հունահռոմեական ըմբիշները կմասնակցեն Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Այդ մասին ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից՝ րագրողների հետ զրույցում հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Մարզիչը խոսել է թիմի առաջիկա ծրագրերի մասին.

«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը փոքր կազմով Ղազախստանում կմասնակցենք Բոլատ Տուլիխանովի մրցաշարին: Այն նպատակային է. հանդես են գալու Արսեն Ջուլֆալակյանը և Սարգիս Քոչարյանը: Արսենը բավականին ժամանակ է մրցաշարերի չի մասնակցել, իսկ Սարգսին փորձ է հարկավոր Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ:

Արսեն Ջուլֆալակյանը հունվարից կպատրաստվի նոր կանոններով պաշտոնական մրցաշարերին:

Ղազախստանից վերադառնալուց հետո ուսումնամարզական հավաք կանցկացնենք, ապա կմեկնենք Լեհաստան՝ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնություն: Այնտեղ նախատեսում ենք չորս ըմբիշի մասնակցություն»,- ասել է մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը հայտնեց նաև, որ ավանդույթի համաձայն տարին կեզրափակեն դեկտեմբերյան ուսումնամարզական հավաքով: