Foto

Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները. Արթուր Պետրոսյան

Սեպտեմբերի 1-ին, Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացավ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան խաղը: Հանդիպումն ավարտվեց Ռումինիայի հավաքականի հաղթանակով 1:0 հաշվով։ Միակ գոլի հեղինակը դարձավ Ալեքսանդրու Մաքսիմը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղային մամուլի ասուլիսին ասել է. «Մինչև կարմիր քարտն այն, ինչ պլանավորել էինք, ստացվեց։ Գնդակի կորուստը մի քիչ շատ էր մեր կիսադաշտում, ինչի պատճառով մրցակցին հնարավորություններ տվեցինք հակագրոհելու, բայց, ամեն դեպքում, մինչև հեռացումը մեր նախատեսված մարտավարությունը գործում էր»։

Հարցին, թե թիմն արժանի խաղ ցուցադրեց անկախ արդյունքից, կարո՞ղ եք համարել, որ դուք գտաք այն կազմը, որը երկար ընտրում էիք, Ա. Պետրոսյանն ասել է. «Մենք խաղում ենք միավորներ վաստակելու համար, ինչն այսօր չստացվեց անել։ Ինչ վերաբերվում է մարտունակ կազմին, ապա թիմի հիմնական կորիզը կա, բայց դեռ փնտրտուքների մեջ ենք»։

Պատասխանելով հարցին, թե գոլը բաց թողեցինք խաղի վերջնամասում, կենտրոնացվածության պատճառո՞վ էր, թե՞ այլ խնդիր կար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Կարծում եմ հոգնածության հետևանք էր։ Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները, նույնիսկ գոլից հետո փորձեցին խաղը փրկել։ Կրկնում եմ, որ այսօր մենք արժանի էինք Բուխարեստից մեկ միավոր տանելու։ Եթե օգտագործեինք մեր հնարավորություններն, ապա ուրիշ խաղ կստացվեր։

Ոչ մեկի խաղից հիասթափված չեմ, սա թիմային խաղ է և մեր թիմն արեց ամեն ինչ լավ խաղալու համար։ Իսկ եթե ինչ-որ բան եմ տեսել, ինչը դուր չի եկել ինձ, ապա ես խոսելու եմ իմ ֆուտբոլիստների հետ անհատապես»։

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ փոխարինման դուրս եկան երկու հարձակվող, նա նշել է. «Առաջինը` պաշտպաններ չունեինք, որ մտնեին դաշտ, իսկ երկրորդը` հոգեբանական առումով շատ կարևոր էր ցույց տալ թիմին, որ մենք կարող ենք նույնիսկ հաղթել։ Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ և ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց»։

Խոսելով Դանիայի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ անել, որ թիմը ամբողջությամբ վերականգնվի և պատրաստ լինի այդ խաղին, Ա. Պետրոսյանն ասել է. «Չհիասթափվել, պետք է հասցնենք վերականգնվել, այն ինչ ցույց տվեցինք Ռումինիայի հետ առաջին խաղակեսում, պետք է անենք նույնը Դանիայի հետ 90 րոպեների ընթացքում, տանը, մեր երկրպագուների առջև»։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: