Ամառային եղանակին դահուկավազքի Հայաստանի հավաքականը մարզվում է անվադահուկներով: Հայ դահուկավազորդները մարզվում են հիմնականում Աշոցքում: Նրանք ուսումնամարզական հավաքներ են անցկացրել նաև Էստոնիայում, Նորվեգիայում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մեր թիմի երկու անդամներ առաջիկա օրերին մեկնելու են միջազգային հավաքի.
«Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ Միքայել Միքայելյանը և Մարիամ Միքայելյանն Իտալիայում կմասնակցեն միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մարզումային ճամբարին: Սեպտեմբերի 3-ին Տրենտոյում (Իտալիա) մեր դահուկավազորդները կմասնակցեն նաև անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլին, որն օլիմպիական վարկանիշային միավորներ է տալիս:
Մեր թիմի առաջատար Սերգեյ Միքայելյանն անվադահուկներով մարզումներ կանցկացնի նաև Հայաստանից դուրս: Նա սեպտեմբերի 16-ին կմեկնի Էստոնիա»,- ասաց Գագիկ Սարգսյանը:









