Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունն արձանագրել է դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման մոտ 1080 ահազանգ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ ասել են նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որով ՀՀ-ն կիսանախագահական կառավարման ձևից անցում էր կատարել խորհրդարանականին: Հանրաքվեի արդյունքներով նոր սահմանադրությանը կողմ էր քվեարկել ընտրողների 63.35%-ը, դեմ՝ 32.35%-ը:
-Մեր դիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ հանրաքվեն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով և շատ ավելի կոպիտ խախտումներով, քան նախատեսվում էին: Հանրաքվեն այդ խախտումներով, բռնություններով, լցոնումների մեծ ծավալներով որևէ կերպ չի կարելի համարել կայացած,- ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյան:
Ելնելով իրենց վերլուծությունների արդյունքից, բանախոսները վստահեցրին, որ եթե չլինեին նման ընտրախախտումներ՝ հանրաքվեի պատկերը այլ կլիներ: Մասնավորապես, Երևանում այո-ն մոտ 20%-ով քիչ կլիներ, ոչ-ը մոտ 20 %-ով շատ:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը դիտորդական առաքելությունն արձանագրել է դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների, ինչպես նաև՝ վստահված անձանց իրավունքների խախտման մոտ 1080 ահազանգ, որոնցից շուրջ 130-ը վերաբերել են վերջիններիս իրավունքների խախտումներին և լիազորությունների իրականացման խոչընդոտներին:
Կազմվել և հանրաքվեի ընտրատարածքային և կենտրոնական հանձնաժողովներ են ներկայացվել ընտրական գործընթացի խախտման վերաբերյալ թվով 156 տեղամասից ստացված ահազանգերի առնչությամբ դիմում-բողոքներ և շուրջ 258 տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների վավերության վերաբերյալ դիմում-բողոքներ:
-Հանրաքվեի ընթացքում արձանագրված և դրա վերաբերյալ մարմիններին դիմումներով, բողոքներով, հաղորդումներով ներկայացված ոչ մի դեպք լիարժեք և արդյունավետ քննության չի ենթարկվել: Ոչ մի դեպքով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ կլինի վարչական, թե քրեական, չի իրականացվել,-նշել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Vesti.am