Foto

Բարձրացվելու է մարզադպրոցների կառավարման և գործունեության արդյունավետությունը

Կառավարությունը հաստատել է Մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է ապահովել համապատասխան բնագավառում միասնականությունը և բարձրացնել կառավարման, գործունեության արդյունավետությունը: Հիմնավորման համաձայն, հանրապետությունում մարզական հերթափոխի պատրաստումն իրականացնում են տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոցները և Երևանի ու Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները: Հաշվի առնելով ֆիզիկական կուլտուրա առարկայի դերակատարումը մատաղ սերնդի առողջության պահպանման և ամրապնդման գործում, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մարզական գույքի պահանջարկը՝ մարզական ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել նախ մշակել միասնական ուսումնական ծրագրեր, ինչպես նաև մարզադահլիճներն ապահովել ժամանակակից մարզական գույքով: Սպորտի հիմնախնդիրներից է 18 տարեկանից բարձր տարիքի հեռանկարային մարզիկների պարապմունքների կազմակերպումը մանկապատանեկան մարզադպրոցներում, որը կլուծվի բարձրագույն վարպետության դպրոցների ստեղծմամբ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրի հավանությանն է արժանացել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագիրն ու ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը՝ դրա մեջ ընդգրկելով բնակչության տարբեր տարիքային խմբերի: Արդյունքում նախատեսվում է բնակչության շրջանում բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ձևավորել ֆիզիկական կուլտուրայով, սպորտով գիտակցաբար զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու պահանջը: