Մարտի 18-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի և մարզային կառույցների ղեկավարների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկվել է հունիսի 22-25-ը Երևանում կայանալիք «Եվրասիական տնտեսական տարածաշրջանային ֆորումի» նախապատրաստման ընթացքը: Ներկայացվել են կատարված ու առաջնային, կատարվելիք աշխատանքները:
Տեղի ունեցած նիստի ընթացքում մարզային կառույցների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ ֆորումի նպատակների քարոզչական աշխատանքները սկսելու համար:
Ֆորումին հրավիրվել են մի շարք երկրների, ընկերությունների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ, որոնց մասնակցությունը մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանում ներդրումային քաղաքականությունը զարգացնելու ուղղությամբ:
Արդեն հրավերներ են ուղարկվել կամ պատրաստվում են ուղարկվել Հարավային Կորեայի, Չինաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների ներկայացուցիչներին: Հանդիպումներ են եղել Իրանի Իսլամական Հանրապետության, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններում։ Շուտով հանդիպումներ կլինեն նաև մյուս երկրների դեսպանություններում: Իսկ ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների հետ տեղի կունենան առանձին հանդիպումներ:
Ֆորումի կազմակերպմանն աջակցում է ԵԱՏՄ հանձնաժողովը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Ներգրավված են նաև ԵԱՏՄ երկրների համապատասխան պատվիրակությունները: Ֆորումի կազմակերպիչները համագործակցում են նաև ՀՀ կառավարության համապատասխան օղակների՝ մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և այլ նախարարությունների, Արդյունաբերողների միության, Առևտրատնտեսական պալատի հետ: Նրանք պետք է ներկայացնեն այն նախագծերն ու ծրագրերը, որոնք կարելի է քննարկել ֆորումի ընթացքում: Փաստաթղթային ողջ փաթեթն արդեն պատրաստ է, իսկ անհատական հրավերների ուղարկման աշխատանքները՝ ընթացքի մեջ:
Ֆորումի կազմակերպիչները պատրաստ են ընդունել նաև այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել օտարերկրյա ներդրողներին:
Ֆորումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և լինելու է ամենամյա, որի գլխավոր նպատակն է Հայաստանի տնտեսական զարգացմանը նոր հնարավորություն տալը: Այն նախաձեռնել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Vesti.am