Foto

Յուրաքանչյուր հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի. Մխիթարյան (տեսանյութ)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում է Չեմպիոների միջազգային գավաթի ամենամյա խաղարկության ֆուտբոլային տոնը: Մրցաշարին մասնակցում են եվրոպական 8 բարձրաստիճան ֆուտբոլային ակումբ, ներառյալ «Ռեալ Մադրիդը», «Փարիզ Սեն Ժերմենը», «Բարսելոնան», «Տոտենհեմը», «Յուվենթուսը», «Մանչեսթր Սիթին», «Ռոման» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Ամերիկայի Ձայնը» գրում է, որ թիմի վերջին խաղերին հատկապես մեծ էր հայ ֆուտբոլասերների ուշադրությունը՝ կապված թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Մխիթարյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը:

«Իհարկե, միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտեր: Եվ սա ոչ թե Անգլիայում է կամ Իսպանիայում, այլ Միացյալ Նահանգներում, ուր ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա տոն է իրենց համար: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք բավականություն ստանան խաղից»,- ասել է նա:

Մխիթարյանը երախտապարտ է բոլոր և մասնավորապես հայ ֆուտբոլասերներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են թիմին:

«Մենք անցկացրել ենք 5 հանդիպում, և յուրաքանչյուր հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Ես շնորհակալ եմ բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, որոնք եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»,- նշել է  ֆուտբոլիստը:

https://www.youtube.com/watch?v=WVgNPZHMOwI