Foto

Երեք բրոնզ և թիմային 7-րդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Սարաևոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ է նվաճել:

Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջին մեդալը նվաճել է 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը, որը երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ռամիզ Հասանովին:

Այնուհետև 46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մակեդոնացի Աիդ Սալիասի հետ գոտեմարտն ավարտին է հասցրել «կայծակնային» արագությամբ՝ հաղթելով 10:0 հաշվով:

Երրորդ բրոնզը նվաճել է 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանը: Մեր ըմբիշը սահմանված չորս րոպեից էլ պակաս ժամանակում իր հսկայական առավելությունը ցույց է տվել Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Նասիբլիի նկատմամբ և միավորների 12:1 տարբերությամբ գոտեմարտը դադարեցվել է:

Թիմային հաշվարկով ազատ ոճի Հայաստանի պատանիների հավաքականը 29 երկրի պայքարում 38 միավորով զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը:

Vesti.am