Foto

Օմսկում առաջին անգամ «Ծիրան» փառատոն է անցկացվել (տեսանյութ)

Հուլիսի 21-ին՝ Օմսկում տեղի է ունեցել «Ծիրան» արևային տոնը: Տոնը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության Օմսկի շրջանային բաժանմունքը: Ինչպես հայտնի է, «Ծիրան» ամենամյա բազմազգ փառատոնը Մոսկվայի միջոցառումների օրացույցում է արդեն 2014-ից և այդ օրվանից Մոսկվայի ամենասպասված և սիրելի տոներից մեկն է դարձել: 2016-ին տոնի անցկացման ժամանակ ՌՀՄ անդամները որոշում կայացրին ընդլայնել «Ծիրանի» աշխարհագրությունը՝ այն Ռուսաստանի տարբեր շրջաններում անցկացնելու նպատակով: Եվ ահա առաջինը տոնն անցկացվել է Օմսկում: Համերգային ծրագիր, երեխաների համար զվարճանք, մեծ շուկա և իհարկե ճոխ հյուրասիրություն միջոցառման հյուրերին՝ համեղ ծիրան Հայաստանից:

Պաշտոնական միջոցառման ժամանակ ՌՀՄ երեք  անդամի շնորհվեց Սերգեյ Մանյակինի անվան  հուշամեդալ:

«Ռուսաստանի հայերի միության հետ մենք վաղուց բարեկամներ ենք: Մեր համատեղ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց բազմաթիվ սոցիալական նշանակություն ունեցող միջոցառումներ անցկացնել: Մանյակինի հիմնադրամի և իմ անունից շնորհակալ եմ ձեր աշխատանքի, օպտիմիզմի և այն տոնի համար, որն այսօր պարգևեցիք մեզ: Մենք պետք է իմանանք մեր եղբայրական ժողովուրդների ավանդույթներն ու մշակույթը, քանի որ հենց մշակույթն ու արվեստն են բոլոր ժամանակներում կապում մարդկանց»,-իր ելույթում նշել է Օմսկի մարզի Մանյակինի անվան հիմնադրամի նախագահ Ստեպան Բոնկովսկին:

Նրա գործընկեր Իլյա Հոֆմանի խոքսով, ծիրանը Հայաստանում ամռան, ջերմության, արևի խորհրդանիշն է և տոնը ցույց է տալիս հայկական հյուրասիրությունն ու պարզությունը։

«Բայց ամենակարևորը, այն միավորում է և ջերմ փոխհարաբերություններ ստեղծում մեր եղբայրական ժողովուրդների միջև»,-եզրափակել է նա:

 

https://www.youtube.com/watch?v=W07cAReHBCk

Vesti.am