Foto

Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը, գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

«Վավերացնել Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում՝ 2016-ի նոյեմբերի 30-ին»,- ասված է փաստաթղթում։

Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:

«Միացյալ խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար»,- ասված է փաստաթղթի բացատրական նյութերում:

Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:

Միավորված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միավորված խմբավորման տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հնգամյա ժամանակահատվածում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: