«Ալ-Սադի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ մտադիր է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերա սկսելու ցանկություն է հայտնել.
«Այս մրցաշրջանն ինձ համար վերջինը կդառնա: Կդառնամ մարզիչ, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Չեմ ցանկանում որևէ մեկին խաբել, ես հասկանում եմ մարզչական աշխատանքի առանձնահատկությունը, բայց շատ բան պետք է սովորեմ: Ֆուտբոլի վերաբերյալ իմ գաղափարախոսությունը կայանում է գնդակի մշտական վերահսկման մեջ: Ես տառապում եմ, երբ խաղադաշտում մնում եմ առանց գնդակի: Որպես մարզիչ էլ կտառապեմ, եթե իմ թիմը մշտապես չվերահսկի գնդակը»,- ասել է Չավին «The Tactical Room»-ին տված հարցազրույցում:
37-ամյա ֆուտբոլիստը 1998-ից 2015 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»: Կատալոնացիների կազմում Չավին 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է երկրի Գավաթի խաղարկությունում, 4 անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը: Իսպանիայի հավաքականում կիսապաշտպանը երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ էլ` աշխարհի:
Vesti.am









