Foto

Միայն գույներ, բարձր տրամադրություն և վազք. կայացավ «Yerevan Color Run 2017»-ը. ֆոտոշարք

Երևանում արդեն երրորդ անգամ անցկացվեց գունազարդ վազքը՝ «Yerevan Color Run»-ը:

Երևանյան «Գունազարդ վազքին» այս տարի մասնակցեց ավելի քան 2000 մարդ: Ընդլայնվել էր մասնակիցների աշխարհագրությունը՝ 2017-ին առաջին անգամ մասնակցեցին Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից:

«Այս տարի փոփոխությունները շատ են. առաջին անգամ իրականացնում ենք Հանրապետության հրապարակում, ընդլայնվել են բարեգործական ծրագրերը, ինչպես նաև մեծացել է մասնակիցների թիվը: Մասնակիցները տարբեր տարիքի են, կան մինչև 55 տարեկաններ, նույնիսկ 14 տարեկանից փոքր երեխաներ, որոնց մասնակցությունը նախօրոք համաձայնեցրել ենք ծնողների հետ»,- ասաց նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը:

Սկզբում կատարվեց մասնակիցների հավաքագրումը, այնուհետև ֆիթնես-նախավարժանք, վազք և լավագույն 6 վազորդների պարգևատրում: Վազքուղին 5 կմ էր՝ Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչ Հանրապետության հրապարակ: Հաղթող տղաների անուններն են Մելիքսեթ Կարապետյան, Անդրանիկ Մարգարյան, Մհեր Մաշումյան: Աղջիկներից 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Էլեն Հովհաննիսյանը, 2-րդը՝ Կարինե Ավետիսյանը, իսկ առաջին հորիզոնականում էր Սառա Ֆանթեյնը՝ Նյու Յորքից:

Վազքուղու ավարտին հաջորդեց  երաժշտական գունազարդ «հրավառությունը» և «Color Party»-ին:

Նշենք, որ միջոցառումh այս տարի ևս բարեգործական էր և ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի  կառուցմանը:

Գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիա, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին և արդեն  երրորդ անգամ  անցկացվեց  մայրաքաղաք Երևանում: Այն մարդկանց երջանկության անկնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի:

«Yerevan Color Run»-ի նպատակն է յուրօրինակ ձևաչափով վազքի մարաթոնների իրականացման միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի և զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական և երջանիկ զգացողություններով:

   

Դուսյա Ղազարյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Vesti.am