Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրել է «Օմսկի բազե» հոկեյի թիմի 19-ամյա հարձակվող Արտյոմ Մանուկյանին: ՌՀՄ-ի հոբելյանական մեդալի հանձնումը «Սպորտային ավանդույթներին, հայրենիքին և ազգային արմատներին հավատարիմ լինելու համար» տեղի է ունեցել հանդիսավոր ճաշի շրջանակներում, որը տրվել է ՌՀՄ նախագահի կողմից հուլիսի 9-ին՝ ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցների և Ռուսաստանի ազգերի Ասամբլեայի խորհրդի համար:
Միջոցառմանը ներկա բարձրաստիճան հյուրերը, որոնց շարքում էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, շնորհավորել են Արտյոմին և մաղթել հետագա հաջողություններ և նորանոր հաղթանակներ: Մանուկյանների ընտանիքում երկու հոկեիստ կա՝ Արտյումը և նրա եղբայր Տիգրանը, ով ծնվել է Հայաստանում: Արտյոմը ծնվել է Օմսկում: Հենց այդ քաղաքում է հաստատվել Մանուկյանների ընտանիքը եղբայրների հոր՝ Հարություն Մանուկյանի՝ Աֆղանստանում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով Արա Աբրահամյանին և Ռուսաստանի հայերի միությանը, Արտյոմը նշել է, որ սերտ կապված է իր պատմական հայրենիքի հետ և հպարտանում է իր հայկական արմատներով:
Vesti.am









