Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հռչակված Յուրի Ջորկաեֆը «Sky Sports»-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` հեռանկարների մասին նոր մրցաշրջանում։
«Երկար ժամանակ ճանաչել եմ Հենրիխի ընտանիքին: Մենք միշտ կապ ենք պաշտպանել միմյանց հետ: Նրանք շատ-շատ լավ մարդիկ են, և երբ լինում եմ Հայաստանում հաճախ հանդիպում եմ նրանց հետ: Դա կարևոր է, քանի որ մենք քիչ ենք: Պետք է աջակցենք միմյանց»,- ասել է Ջորկաեֆը:
«Հենրիխը հրաշալի տղա է, ով երբեք չի բողոքում: Մրցաշրջանի սկզբում նա չէր խաղում, նա նույնիսկ պահեստայինների նստարանին չէր Մոուրինյուի հետ, բայց խաղից խաղ նա իր տեղը զբաղեցրեց հիմնական կազմում: Նա միշտ քրտնաջան աշխատում և հասնում է իր նպատակներին: Բոլորս նրանով շատ ենք հպարտանում Հայաստանում»,- ասել է Ջորկաեֆը:
Խոսելով այն մասին, թե ինչպես իրեն կդրսևորի Մխիթարյանը նոր մրցաշրջանում, Ջորկաեֆն ասել է.
«Պետք է հիշել, որ նա բարելավեց իր մակարդակը մրցաշրջանի ընթացքում: Հաշվի առնելով այն վստահությունը, որով նա ավարտեց նախորդ մրցաշրջանը և մեկ տարի ակումբին և առաջնությանը հարմարվելուց հետո` վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում նա կլինի գագաթնակետում: Պետք է մեկը, որը կարող է փոխել խաղը երկրորդ կեսում: Դա Հենրիխն է: Վստահ եմ նրա համար մեծ մրցաշրջան է սպասվում»:
Vesti.am









