2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկեց բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվեց 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, երկու երեխա վիրավորվեց ու տեղափոխվեց հոսպիտալ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Թալիշ: Նրանց հաջողվեց գրավել 14 ռազմական հենակետ, ռմբակոծել գրեթե բոլոր տները. հայկական զինուժը կարողացավ վերադարձնել հենակետերի մի մասը:
Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը տվեց շուրջ 88 զոհ և կորցրեց 800 հա հողատարածք: Պատերազմում զոհեր եղան նաև բնակչության շրջանում. ադրբեջանական զինուժը խոշտանգեց ու սպանեց թալիշցի Խալափյանների ընտանիքի տարեց անդամներին, ովքեր չէին հասցրել փախչել գյուղից:
2016-ի ապրիլից անցել է ավելի քան մեկ տարի։ Այստեղ դեռ չեն ապրում, տեղավորվել են Ալաշանում, թալիշցիները հուսով են, որ կվերդառնան՝ տղամարդիկ պաշտպանում են իրենց գյուղը, կանայք էլ սպասում...
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի