Foto

Գառնիկ Իսագուլյան. «Օսկանյանն այն մարդն է, ով իրավունք ունի կուսակցություն ստեղծելու»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարությունը մեծ արձագանք է ստացել քաղաքական և հասարակական շրջանակներում: Vesti.am-ը այս թեմայի մասին զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

-Ցանկացած նման գործունեություն, երբ մարդիկ ուզում են ստեղծել քաղաքական կազմակերպություն, նշանակում է ունեն խնդիրներ: Իսկ խնդիրները կյանքի կոչելու համար այսօր միակ ձևը, ըստ էության, արդեն քաղաքական կուսակցության ստեղծումն է: Ես ողջունում եմ այդ քայլը և կարծում եմ, որ պարոն Օսկանյանն այն մարդն է, ով իրավունք ունի թե՛ կուսակցություն ստեղծելու, թե՛ քաղաքականության մեջ իր դերակատարությունն ունենալու:

Իսագուլյանը նաև նշել է, որ Վարդան Օսկանյանի հետ ինքը շատ լավ հարաբերություններ է ունեցել:

-Մենք միասին աշխատել ենք՝ ինքը արտգործնախարար, ես՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Այդ ընթացքում նորմալ համագործակցել ենք, հիմա նույնպես հանդիպում ենք, տարբեր հարցեր քննարկում։ Մեր հարաբերությունները շատ լավ են, մարդկային ու բնական, ուստի իմ անձնական տեսակետը չի կարող բացասական լինել,-եզրափակել է նա:

Vesti.am