Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ վեց մարմնամարզիկով և նվաճեց մեկ բրոնզե մեդալ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում ամփոփել է առաջնության արդյունքներն ու առանձին-առանձին խոսել մարմնամարզիկների ելույթների մասին։
«Մեդալ ունենք` արդեն բավարար է: Ավելի շատ օղակներից էի ակնկալում, բայց կարևորը` մեդալ նվաճեցինք: Ընդհանուր թիմի արդյունքները նորմալ եմ գնահատում: Որակավորման փուլը չորս մարզիկ հաղթահարեցին, սա մեծ արդյունք է: Բացի այդ, Արթուր Դավթյանը եզրափակիչ դուրս եկավ նաև բազմամարտում: Այս անգամ ամենամեծ թվով մասնակիցներն ունեցանք Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում:
Շատ գոհ եմ Հարություն Մերդինյանից: Դոհայում նա վնասվածքով էր ելույթ ունեցել, մի քանի անգամ ընկել էր: Սակայն այստեղ հավաքվեց, լավ կատարեց վարժությունը և բարձր գնահատական ստացավ: Արդյունքն ակնհայտ է: Արթուր Թովմասյանն օղակներում որակավորման փուլն անցավ երկրորդ տեղով, շատ լավ կատարեց վարժությունը և պետք է մեդալ նվաճեր:Սակայն չհասկացանք` եզրափակչում ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ վերջում այդքան վատ ցատկեց: Դժգոհ եմ նրանից:
Արթուր Դավթյանն ամեն ինչ արեց լավագույն կերպով: Նոր կանոններով հենացատկերում նա բարդությամբ չէր կարող կատարել այն վարժությունը, որն արել էր նախորդ տարի: Նա փոքր ինչ հեշտ ցատկ կատարեց, զիջում էր մնացած մարմնամարզիկներին: Ճիշտ է, ցատկը թույլ էր, բայց լավ կատարումով նա անցավ եզրափակիչ և 5-րդ տեղը զբաղեցրեց: Արթուրն ավելին չէր կարող անել: Բազմամարտում մրցակցությունը շատ մեծ էր, այստեղ էլ նա 6-րդն էր:
Վահագն Դավթյանի առաջին ելույթը բարդ էր և որոշակի թերություններ կային: Եզրափակչում մենք մի փոքր թուլացրինք կատարումը, նա ավելի մաքուր արեց և բարձր գնահատական ստացավ: Մեդալների համար պայքարում Վահագնը բարդությամբ զիջեց: Հիմա պետք է մարզումների ընթացքում աշխատենք բարդ վարժության վրա և շտկենք սխալները:
Բազմամարտիկ Վիգեն Խաչատրյանից շատ դժգոհ եմ: Վրիպումները բավականին շատ էին: Անհասկանալի սխալներ էր անում: Առաջիկայում մի քանի մրցաշարեր բաց կթողնի, որ ավելի պատասխանատվությամբ մոտենա: Եթե նման սխալներով շարունակի` նա չի ընդգրկվի հավաքականի կազմում:
Իսկ Արմեն Պետրոսյանը հանդես եկավ իր ուժերի ներածին չափով»:









