Foto

Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությունը

«Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունները, գրում է Грузия Online-ը:

Նախարարն ընդգծել է, որ նման, այդ թվում Վրաստանի «օկուպացված տարածքներով» փոխադրումների առնչությամբ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը:

Միխայիլ Ջանելիձեն հիշեցրել է այն համաձայնության մասին, որը Վրաստանը և Ռուսաստանը կնքել են 2011 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի ընդունման մասին բանակցությունների ընթացքում: Այդ համաձայնագիրը նախատեսում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ:

«Ելնելով նրանից, որ Վրաստանը չի կարող վերահսկել սահմաններն «օկուպացված տարածքներում»՝ համաձայնագիրը նախատեսում է այդ տարածքներում երրորդ կողմի մոնիթորինգ, որը կհետևի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրին»,- բացատրել է նախարարը՝ ընդգծելով, որ կողմերի համար այլ պարտավորություններ այդ համաձայնագիրը չի նախատեսում:

Ինչպես նշում է կայքը, 2011 թվականին ձեռք բերված համաձայնագիրը դեռ այդպես էլ ուժի մեջ չի մտել, և ընկերության հետ պայմանագիրը (խոսքը շվեյցարական ընկերության մասին էր), որն իրականացնելու է Աբխազիայում Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռների շրջանառության մոնիթորինգ, դեռ չի կնքվել:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսական կողմը խնդիր չի տեսնում, որպեսզի Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրումը վերսկսվի:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան էլ հայտարարել էր, թե Աբխազիան շահագրգռված է տարանցման վերագործարկման հարցում, քանի որ դա կարող է երկրի բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովել:

Vesti.am