Խորվաթիայի Սպլիտ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսայանը միանգամից երկու պատվո հարթակի կանգնեցին՝ առաջնությունը զիջելով Վրաստանի ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեին, ով անգերազանցելի էր իր քաշային կարգում:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնությունը 105 կգ քաշային կարգում՝ երկամարտի ընդհանուր 414 կգ արդյունքով: Կանանց պայքարում էլ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Սիմոնյանն ու Ալեքսանյանը կրկնեցին 2007թ. Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի առաջնությանը Գևորգ Դավթյանի և Արա Խաչատրյանի արդյունքը՝ միայն թե Դավթյանն ու Խաչատրյանը կանգնել էին պատվո հարթակի առաջին և երկրորդ աստիճաններին՝ իրենց հետևում թողնելով թուրք մրցակցին: Այնուամենայնիվ, 2007-ից ի վեր հայկական ծանրամարտի պատմության մեջ նման արդյունք դեռ չէր գրանցվել: Բայց մինչ այդ մի փոքր նախապատմություն:
Վերջին տարիներին միջազգային մրցաշարերից առանց մեդալների չվերադարձած ծանրամարտի հավաքականը երկրորդ շնչառությունն ստացավ լուսահոգի Աշոտ Մխիթարյանի օրոք, ում գլխավորած հավաքականը 2007-ից սկսեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի հաղթարշավը:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գևորգ Դավթյան, Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր Արա Խաչատրյան, աշխարհի, եվրոպայի չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյան և Նազիկ Ավդալյան, Եվրոպայի չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյան... Այս մարզիկների ցանկը դեռ շարունակական է, մեկ տասնամյակից ավելի նրանք հայ մարզասերներին հիացրել, հուզել ու ոգեշնչել են: Ներկայումս այս մարզիկների մեծ մասը կամ մարզչական աշխատանքով է զբաղված, կամ գործունեությունը շարունակում է այլ բնագավառում: Այնուամենայնիվ, վերջին առաջնությունները ցույց են տալիս, որ հայկական ծանրամարտում տեղի ունեցած սերնդափոխությունը տալիս է իր պտուղները: Երիտասարդ ծանրորդները շարունակում են մրցաշարից մրցաշար բարելավել իրենց արդյունքները, թույլ տալով ակնկալիքներ ունենալ 2020-ին, Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերից:
Սաթենիկ Թովմասյան
Vesti.am









