«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները»,-այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: Ըստ նրա՝ գաղափարների հիմքում, որոնք այժմ քննարկվում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից մշակված առաջարկներն են:
«Ավելի ճիշտ, խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: Դրանք քաջ հայտնի են»,- նշել է նախարարը: Ընդհանուր առմամբ, չհերքելով այդ հիմքը, կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների կյանքի կոչման հաջորդականությունը, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Խոսք այն մասին, որ այն փոխվի կամ առաջարկվեն ինչ-որ նոր պլաններ, որոնք կտրուկ կփոխեն համանախագահների մշակած սխեման, չկա»,- ասել է նա:
Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ: «Պարբերաբար այցելելով տարածաշրջան՝ նրանք, որպես կանոն, հանդես են գալիս միասնական դիրքերից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում»,- նշել է նախարարը: «Կարծում եմ, որ նման թիմային մոտեցումը վկայում է, թե ինչպես է կարելի և ինչպես է հարկավոր համագործակցել միջազգային հակամարտությունների հաղթահարման հարցում»,- հավելել է նա:
«Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով մեր սերտ համագործակցությունը Վաշինգտոնի, ինչպես նաև Փարիզի հետ կշարունակվի»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Vesti.am