Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ այդ երկիրը գնում է իր կողմից որդեգրած ժողովրդավարական ճանապարհով: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ են հայտնել վրացագետներ Ջոնի Մելիքյանն ու Ալիկ Էրոյանցը:
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ այս ընտրությունները կարևորվում են այնքանով, որ 4 տարի առաջ ընտրությունների միջոցով այնտեղ իշխանափոխություն եղավ, իսկ այս անգամ իշխող կուսակցությունն ապացուցեց, որ շարունակելու է երկրում փոփոխությունները:
-Չնայած եղան խախտումներ, որոշ տեղերում նաև լուրջ ծեծկռտուքներ, բայց շատ միջազգային կազմակերպություններ նշում են, որ այդ խախտումներն արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել,-ասել է նա:
Խոսելով հայ-վրացական հարաբերությունների վրա ընտրությունների արդյունքների ազդեցությունից՝ Ջ. Մելիքյանն ասել է, որ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն:
-Նույնիսկ, եթե իշխանափոխություն լիներ, չեմ կարծում, որ հարաբերությունների դինամիկան կփոխվեր,-ասել է նա:
Ալիկ Էրոյանցն էլ ընդգծել է, որ Վրաստանի նորընտիր խորհրդարանում կլինի 3 հայազգի պատգամավոր: Նա նշել է, որ և՛ նախորդող, և՛ հենց ընտրությունների օրը անցել է բավական թափանցիկ, չնայած եղել են որոշակի թերություններ, որի մասին հայտարարել են ինչպես Վրաստանի ԿԸՀ-ն, այնպես էլ միջազգային կազմակերպությունները:
-Շեշտը հիմնականում դրվել է ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրների վրա, երբ հաշվարկների ժամանակ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ճիշտ չի իրականացրել իր գործառույթը,-ասել է նա:
Ա. Էրոյանցը միաժամանակ ընդգծել է, որ չի կարծում, թե Վրաստանում հարևան երկրների հետ հարաբերությունների առումով լուրջ փոփոխություններ կլինեն, քանի որ Վրաստանը պահպանել է լավ հարաբերությունների հաստատման, ու հավասարության իր գաղափարախոսությունը:
-Այդուհանդերձ, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունների առումով սպասումները դրական են,-ընդգծել է նա:
Vesti.am