Foto

ԴիջիԹեքում կներկայացվեն «Հայկական Ծրագրերի» վերջին մշակումները

ԴիջիԹեք-2016 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, մասնակցելու է նաև «Հայկական ծրագրեր» ընկերությունը, որը զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով, ներդնելով ու դրանց հետագա սպասարկումով։ Այդ մասին տեղեկացնում է news.uite.org կայքը:

Ինչպես նշում է ընկերության տնօրեն Գագիկ Սարգսյանը, «Հայկական Ծրագրերը» ցուցահանդեսում կներկայացնի վերջին շրջանում ընկերության կողմից կատարված մշակումները։ «Հայկական Ծրագրերը» ձեռնարկությունների ֆինանսական ավտոմատացման համակարգեր է մշակում։ Վերջին ժամանակներում ընկերությունն աշխատել է իր բոլոր համակարգերի միմյանց միացնող ամպային լուծման` b2b.armsoft.am հարթակի վրա: Այդ լուծումը թույլ է տալիս գործընկեր կազմակերպությունների տարբեր համակարգերի միջև  փոխանակել փաստաթղթեր և այլ տվյալներ, ինչը շատ արդյունավետ է դարձնում կազմակերպությունների` միմյանց հետ աշխատանքը։ «b2b.armsoft.am հարթակի ստեղծման նտպատակն ամենատարբեր կազմակերպություններին համագործակցության միասնական, հարմարավետ աշխատանքային միջավայր տրամադրելն է: Հարթակի ընձեռած հնարավորությունները բարձրացնում են տարբեր բիզնեսների՝ միմյանց հետ աշխատելու, փոխհարաբերվելու, տեղեկությունների փոխանակման արդյունավետությունը»,- ասում է պարոն Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նշում է, որ ԴիջիԹեքին մասնակցությունը հնարավորություն է տալիս իրենց ընկերության նորությունների մասին տեղյակ պահել սպառողներին։ ԴիջիԹեքը մի հարթակ է, որտեղ հավաքվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվող և այդ բնագավառի հետ կապված մարդիկ ու միմյանց հետ փոխանակում նորարարական գաղափարներ։ «Հայկական Ծրագրեր» ընկերության տնօրենը նշում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է։ Ուստի պատահական չէ, որ ԴիջիԹեք ցուցահանդեսը մեծ մասսայականություն է վայելում։ Միշտ նորություններ կան, այդ իսկ պատճառող այն միշտ հետաքրքիր է թե՜ մասնակիցների, թե՜ այցելուների համար։

Գագիկ Սարգսյանը, խոսելով Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարի մասին, նկատում է, որ ՏՏ բնագավառի զարգացումն առանձին պատկերացնել դժվար է. «Ամեն ինչ փոխկապակցված է, միայն մի ոլորտ առանձին առաջ գնալ չի կարող։ Ամեն ինչ համակարգի մեջ պետք է դիտարկել։ Առանց կրթական ոլորտի, բիզնես միջավայրի զարգացման՝ միայն տեխնոլոգիական ոլորտը զարգանալ չի կարող։ Ճիշտ է, այն տնտեսության առաջանցիկ ճյուղերից է, առաջին հերթին որովհետև հիմնականում դրսի հետ է շփվում։ Եվ եթե ուշադիր դիտարկենք, ներքին շուկայի վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքը փոքր է։ Ամբողջ ոլորտը հիմնականում ուղղված է դեպի դուրս։ Այդ պատճառով է, որ այն համեմատաբար ամենազարգացածն է։ Շատ կարևոր է նաև ընդհանուր զարգացման մակարդակը մյուս ոլորտների հետ նույն համատեքստում։ Այստեղ խնդիրներից մեկը կապված է կրթության հետ ։ Այս տարիների ընթացքում տեղեկատվական կրթության բնագավառը բավականին հետ է մնացել։ Այդ մասով փորձում ենք մեր ուժերի չափով օժանդակել կրթական համակարգին. բացել ենք ուսումնական կենտրոն, որտեղ դասավանդում են ՏՏ բնագավառի լավագույն ներկայացուցիչները։ Պայմանագիր ունենք ԵՊՀ հետ, այստեղ հոսքերից մեկը առաջնորդվում է մեր դասացանկով և նյութերով։ Մենք փորձում ենք արևմտյան լավագույն համալսարանների պրակտիկան ներդնել»։