Սեպտեմբերի 23-ին կայացել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված և «Աուտիզմի ազգային հիմնադրամի» հետ համատեղ իրականացվող «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» ծրագրի պոշտոնական մեկնարկը:
Ծրագրի նպատակն է Հայաստանում աուտիզմի համախտանիշ ունեցող անձանց համար առաջին անգամ կազմակերպել ՏՀՏ դասընթացներ, ապահովել նրանց մրցունակությունն աշխատաշուկայում և հետագայում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման գործընթացին, մասնավորապես, Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը՝ ընկերությունը դեռևս իր գործունեության սկզբից անդրադարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց զբաղվածության խնդրին:
-Այս պահին մենք մեր շարքերում ունենք նմանատիպ անձիք, ովքեր բավական հարմարավետ են զգում մեր ընկերությունում,-ասել է նա՝ ընդգծելով, որ այս ծրագրի թիրախային խումբը 15-ից բարձր տարիք ունեցող անձիք են:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ հույս է հայտնել, որ այս ծրագրի կատարումը կդառնա օրինակ Հայաստանի ՏՏ և այլ ոլորտների համար՝ սահմանափակ կարողություններով անձանց համար մասնագիտական թրեյնինգներ անցկացնելու և աշխատանքով ապահովելու համար:
-ԱՄՆ-ում արդեն կան նման փորձեր և արդյունքները զարմանալի են: Մենք ուսումնասիրել ենք նրանց փորձը և հիմա այն պետք է փորձենք տեղափոխել Հայաստան: Վստահորեն կարող եմ ասել, որ այս ծրագիրը կհասցնենք ավարտին, բայց այն երկարատև ու մանրակրկիտ աշխատանք ու համբերություն է պահանջում,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ նպատակ ունեն ծրագրում ներգրավել նաև այլ խնդիրներ ունեցող երեխաների:
«Աուտիզմի ազգային հիմնադրամի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանն ասել է, որ իրենց կենտրոնում գրանցված է աուտիզմի համախտանիշ ունեցող 135 երեխա և դեռահաս: Նա նաև տեղեկացրել է, որ «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» ծրագրում պետք է ընդգրկվեն այն դեռահասները, որոնք համապատասխանում են այդ ծրագրին:
Vesti.am