Foto

Իշխանության տակ աշխատող լրատվամիջոցներն ակնհայտ պատվերի շրջանակներում կրկին թարմացրեցին թեման

Օրեր առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, թե Արմեն Աշոտյանն անցյալ տարի փետրվարի հակածառուկյանական մշակույթի օրերին «պերեդոզ արեց» ու հիմա՝ ուղիղ մեկ տարի հետո, լքում է իր պաշտոնը: Իսկապես, կյանքում միշտ այդպես է` սպասվածից ավելի մատուցած ծառությունները երբեք չեն գնահատվում:

Մեկ տարվա վաղեմության թեմային անդրադառնալու որևէ ցանկություն չունեի: Դա արդեն պատմություն է, որի անիվը հնարավոր չէ ետ պտտել: Բայց կա մի հանգամանք, որն այնուամենայնիվ ստիպում է մի քանի նկատառում հայտնել: Անցած շաբաթ, երբ լրացավ հայտնի պատմության մեկ տարին, իշխանության տակ աշխատող լրատվամիջոցներն ակնհայտ պատվերի շրջանակներում կրկին թարմացրեցին թեման` իրենց հարմար մի քանի տեսանկյունով: Սա, իսկապես, տգեղ է, որովհետև Գագիկ Ծառուկյանն ուղիղ մեկ տարի է՝ դուրս է քաղաքականությունից, իր տեղը զիջել է բազում «արժանի և պատրաստաված գործիչների» և զբաղված է այլ գործերով: Հանրային կյանքում նա ներկա է կա՛մ բարեգործությամբ, կա՛մ սպորտով: Պատվիրել վարկաբեկող նյութեր նման պայմաններում, մեղմ ասած, անհասկանալի է: Փորձենք կետ առ կետ նշել, թե ինչ են տարածում մեկ տարի անց:

Ասում են՝ Ծառուկյանը քաղաքականության մեջ միշտ եղել է բացառապես Սերժ Սարգսյանի թույլտվությամբ: Մի՞թե այսօր նման սուտ և կեղծիք գրելու անհրաժեշտություն կա: Ծառուկյանը մի քանի տարի շարունակ եղել է ամենաբարձր վարկանիշով գործիչը և եղել է իշխանության միակ լուրջ այլընտրանքը: Ընդունում ենք, կարողացավ անել այնքան, որքան կարողացավ: Ընդունում ենք` չիրականացրեց միլիոնավոր մարդկանց իղձերը: Բայց ընդունենք նաև, որ հանուն պաշտոնի կամ անձնական բարեկեցության չծախվեց, գլխիկոր չմտավ կոալիցիա և այլն: Արեց այնքան, որքան կարողացավ: Երբ Ծառուկյանը սուր հակադրության մեջ էր իշխանությունների հետ, այդ նույն լրատվամիջոցները ամենաստոր վիրավորանքներն ու ստերն էին գրում նրա մասին: Դե եթե միշտ Սերժ Սարգսյանի թույլտվությամբ է քաղաքականության մեջ եղել, ապա ինչու էին այդ բազում, բայց մեկ կենտրոնից կառավարվող լրատվամիջոցները կատաղի պայքարում նրա դեմ:

Ասում են` իշխանությունները նրան պարգևատրեցին «Հայրենիքին մատուցած ծառույությունների համար» մեդալով: Բոլորն էլ գիտեն, որ այս մեդալը քաղաքականության հետ որևէ կապ չունի, և դա բացառապես Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար հատկացված ահռելի ֆինանսական աջակցության համար է: Ի դեպ, պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ Ծառուկյանը բացակայում էր և այդ չարչրկվող մեդալն էլ չի վերցրել: Խնդիրը մեդալը չէ, խնդիրը սուտն է: Ասում են՝ Ծառուկյանը վարկաբեկեց ընդդիմության գաղափարը: Ուղիղ մեկ տարի է՝ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ: Թող այդ մեկ տարում ծնվեր այլ գործիչ, ծնվեին այլ ուժեր, որոնք կգործեին ավելի գրագետ ու ավելի արդյունավետ: Վերը հիշատակված ԱԺ նիստում պաշտոնապես ընդդիմադիր Դաշնակցության մասին խոսում էին որպես հարսի: Առնվազն 7-8 ելույթում նման ձևակերպում հնչեց: Հարս գնացող ընդդիմության գաղափար հաստատ Ծառուկյանի օրոք չկար: Ասում են՝ Ծառուկյանը խանգարում էր երկրի առաջընթացին: Ուղիղ մեկ տարի է անցել` ոչ մի խանգարող հանգամանք չկա: Բայց չկա նաև որևէ առաջընթաց: Համաձայնեք, որ առաջընթացը միայն փակվող խանութների ու բիզնեսների թվի ու արտագաղթի մեջ է: Այստեղ նույնպես ստել հնարավոր չէ:

Գեղամ Նազարյանի ՖԲ էջից