Մայիսի 14-ին, Ապարան քաղաքում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման Արագածոտնի մարզային կառույցի անդրանիկ հավաքը: Ժողովի սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են ապրիլին Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հիշատակը, այնուհետև Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը ներկայացրել է «Ազգային միասնություն» շարժման առաջիկա ծրագրերը:
-Ցավոք սրտի, տեսնելով, որ արտագաղթն այսօր չի նվազում և արդեն վտանգ է դարձել մեր ժողովրդի և ազգային անվտանգության համար՝ մենք մեր առջև խնդիր դրեցինք հնարավորինս աջակցել երկրի տնտեսական զարգացմանը: Մենք փորձում ենք օգտագործել մեր բոլոր հնարավորություններն այդ ուղղությամբ։ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը գործի է դրել իր բոլոր կապերը թե՛Ռուսաստանում, թե՛ արտերկրում: Այս պահին նա ԱՄՆ-ում մի խումբ մասնագետների հետ մշակում է մեր երկրի համար մի այնպիսի համապարփակ ծրագիր, որը պետք է հանգեցնի ոչ միայն տեղական խնդիրների լուծմանը, այլ նաև Հայաստանում ձևավորի այնպիսի մի մոդել, որն, իրոք, կկարողանա նպաստել ողջ երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը,-ասել է Արամ Սարգսյանը:
Նա նշել է, որ «Ազգային միասնություն» շարժման ծրագրերի իրականացման կարևոր քայլերից մեկը հոկտեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք խոշոր բիզնես–ֆորումն է, որը տեղի է ունենալու Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ: Այդ բիզնես-ֆորումը լինելու է ամենամյա:
-Դրա շրջանակներում մենք համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միության, Երևանում հավատարմագրված տարբեր դեսպանատների, ինչպես նաև, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: Արա Աբրահամյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ներկայացրել «Ազգային միասնություն» շարժման ծրագրերը: Դիմել ենք նաև վարչապետին, ով նախարարություններին հանձնարարել է, որպեսզի վերջիններս նույնպես ներկայացնեն ներդրումային ծրագրերի փաթեթ,-մանրամասնել է Արամ Սարգսյանը:
Նա նշել է, որ ֆորումն իրենից ենթադրում է լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություն՝ թե՛ գյուղատնտեսական, թե՛ արդյունաբերական ոլորտներում: Ֆորումի ընթացքում լինելու է դեմ առ դեմ հանդիպումների հնարավորություն, որտեղ հստակ ծրագրեր և առաջարկություններ ունեցողները կարողանալու են դրանք ներկայացնել ներդրողներին:
Արամ Սարգսյանը հավելել է, որ Արա Աբրահամյանը համաձայնություն է ձեռք բերել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, որպեսզի անվճար տրամադրեն բոլոր իրավաբանական խորհրդատվությունները և նախապատրաստեն այն հնարավորությունները, որոնցով գործարարները կկարողանան հանդես գալ Եվրասիական տնտեսական միության տարածքում:
Հանդիպման ժամանակ ներկաները բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերել «Ազգային միասնություն» շարժման նախագծերին և տարբեր բնույթի ծրագրեր են առաջարկել:
Ժողովի մասնակիցներից մեկը, հանդես գալով Ապարանի ուսանողության անունից՝ բարձրացրել է ուսանողական փոխադրամիջոցներ չունենալու խնդիրը: Նա նշել է, որ դրա պատճառով ուսանողներից շատերը նախընտրում են մնալ Երևանում և մայրաքաղաքում տարիներ շարունակ ապրելուց հետո չեն ցանկանում վերադառնալ Ապարան, ինչի հետևանքով կորչում է կապը սեփական քաղաքի հետ:
Արամ Սարգսյանն ասել է՝ անպայման կփորձեն աջակցել, որ այդ խնդրին հնարավորինս լուծում տրվի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը:
Մյուս հարցը կապված էր տեղական արտադրանքի արտահանման և արտաքին շուկայում գնորդներ գտնելու հետ:
-Իրացման հարցում մենք ուզում ենք այնպիսի մի օղակ ձևավորել, որը ԵԱՏՄ-ի հանձնաժողովի հետ փորձելու է այդ խնդիրը կարգավորել: Իրացման հարցը դառնալու է առանձին ուղղություն: Երբ լինի որակյալ արտադրանք, մենք կձևավորենք այդ օղակը և ԵԱՏՄ-ի հանձնաժողովի հետ այդ խնդիրները կկարգավորենք: Մենք ունենք այդպիսի երաշխիք,-ասել է Արամ Սարգսյանը:
Ապարանի բնակիչներից մեկն էլ առաջարկել է դրսից անասուններ և սարքավորումներ ներկրել՝ անասնապահության զարգացումը խթանելու նպատակով:
Արամ Սարգսյանը նշել է, որ եթե հստակ ձևակերպված լինեն արդյունքները, աշխատանքի մեջ ընդգրկված մարդկանց քանակը, առաջարկողների կողմից սահմանված ինքնարժեքը, որակը, ինչպես նաև՝ մրցունակությունը շուկայում, ապա այդ ծրագրի իրականացումը համոզիչ կլինի, իսկ կայանալիք բիզնես-ֆորումն էլ կօգնի նոր գործընկերներ ձեռք բերելու հարցում:
Արամ Սարգսյանն ընդգծել է, որ բոլոր ծրագրերն էլ լավ մշակվելու և ներկայացվելու դեպքում կարող են ներդրողների կողմից մեծ ուշադրության արժանանալ և դրանց բոլորին հնարավորինս լուծումներ կտրվեն:
Vesti.am