Foto

Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման կառույցի նիստը (ֆոտոշարք)

Ապրիլի 29-ին Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման կառույցի անդրանիկ նիստը: Նշենք, որ հանրապետության տարբեր մարզերում արդեն իսկ ձևավորվել են շարժման խորհուրդները: Ապրիլի 26-ին,  Շիրակի մարզում տեղի էր ունեցել «Ազգային միասնություն» շարժման անդրանիկ նիստը: Իսկ այս անգամ  Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը և կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հանդիպել Վայոց ձորի մարզի շարժման խորհրդի անդամների հետ, ծանոթացել բնակիչների խնդիրներին, կարծիքներին և նրանց կողմից առաջարկված ծրագրերին:

Ինչպես  նշել է Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը՝ ծրագիրը  պետք է իր մեջ պարունակի ՀՀ այլընտրանքային զարգացման բոլոր հնարավորությունները, ամեն ինչ արվի այնպես, որ քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք:

Նա ասել է, որ ծրագրի կյանքի կոչման և իրականացման կարևոր քայլերից մեկը հոկտեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք խոշոր բիզնես-ֆորումն է, որը տեղի է ունենալու Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ:

Տեսնելով, թե ինչպիսին է սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում՝ Արա Աբրահամյանը փորձել է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցով,-նշել է Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ֆորումին աջակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, «Financial Times» թերթը, համագործակցելու են ՀՀ կառավարության հետ:

Արամ Սարգսյանն ասել է, որ հանրապետության մասշտաբով տնտեսական զարգացման համապարփակ ծրագիր է նախապատրաստվում: Վայոց ձորի մարզում «Ազգային միասնություն» շարժումն ունենալու է երկու պատասխանատու՝ Վահե Վարդանյանը և Սուրեն Սարգսյանը:

-Մենք որքան միասնական լինենք, որքան գաղափարի շուրջ համախմբված լինենք, այդքան ավելի հեշտ կլինի մեր բոլոր մտահղացումների իրականացումը: Մենք մտադիր ենք ոչ թե գալ ու ստեղծել կազմակերպություն, այլ հետևողականորեն տանել աշխատանքը, որի համար ոչ միայն ֆորումն է որպես գլխավոր իրադարձություն, այլ ողջ շարժումը, որի ուղղությամբ պետք է բոլորս աշխատենք,-ասել է Ա.Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են և՛ միջնորդի, և՛ կազմակերպչի դեր կատարել, և համապատասխան ձևով այդ ամենը ներկայացնել  նրանց, ովքեր հնարավորություն ունեն ներդրումներ անելու:

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն էլ նշել է, որ «Ազգային միասնություն» շարժման գերագույն նպատակը այսօր լրջագույն մարտահրավերների պայմաններում ողջ հայությանն ազգային շահերի շուրջ համախմբելն է.

-Կա եռամիասնության խնդիր՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, որոնք պետք է համախմբված գործեն՝ հանուն ազգային շահերի, իսկ մեր շահերը շա՜տ, շատ են: Այսօր գերակա շահը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումն ու անվտանգության ապահովումն է,-ասել է նա՝ ընդգծելով, որ ֆորումը նվիրված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կայուն ներդրումային քաղաքականության մշակմանը, որին պետք է մասնակից դարձնել և՛ հայ, և՛ այլազգի գործարարներին:

Վլադիմիր Աղայանն ասել է, որ իրենց նպատակն է յուրաքանչյուր մարզից փոքր ու միջին ձեռնարկատերերին ներգրավել ծրագրերում, և որ խոշոր գործարարներն էլ գումար ներդնեն այդ ծրագրերի իրականացման համար.

-Մեր երկու կազմակերպությունները՝ Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, առաջադրել են միասնության ապահովման հարցը: Մենք պլանավորած բազմաթիվ միջոցառումներ ունենք, որոնցով սփյուռքը կմասնակցի Հայաստանի անվտանգության խնդիրներին,-ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանի պաշտպանության խնդիրը բոլոր հայերինն է և յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի մի գիտակցությամբ, որ ինքը Հայաստանի զինվորն է:

Աղայանը, կարևորելով նաև լեզվի ու մշակույթի պահպանման խնդիրը, նշել է, որ սփյուռքում պետք է կազմակերպվեն նաև լեզվական, մշակութային հարցերին վերաբերող միջոցառումներ, և արդեն իսկ նախատեսվում է «Լեզվի միջազգային մրցանակաբաշխությունը», «Գիտական և ստեղծագործական աշխատանք համազգային մրցանակաբաշխությունը»՝ Արա Աբրահայանի աջակցությամբ.

-Եթե մենք տնտեսական զարգացման համար խնդիր ենք դնում, որպեսզի գործարարները դրսից գան ու ներդրում  անեն,  լեզվի պահպանման համար մենք սփյուռքում պետք է ներդնենք մեթոդական գրականության մշակում, մրցույթների, մշակութային լուրջ միջոցառումների անցկացում և մտածում ենք սփյուռքում կազմակերպել հայոց լեզվի և հայոց մշակույթի տոներ, որպեսզի մարդիկ չձուլվեն այլ ազգերի հետ և հայ մնան,-ասել է նա՝ շեշտելով, որ շարժման ծրագիրը մեծ շրջանակ է ընդգրկում՝ սկսած յուրաքանչյուր մարզից, և յուրաքաչյուր մարդ, յուրաքանչյուր մարզ ու գյուղ այս հարցում անելիք ունի թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքում:

Վլադիմիր Աղայանը, դիմելով ներկաներին, նշել է՝ եթե ունեն հիմնավորված ծրագրեր՝ բոլոր հաշվարկներով, ապա կարող են ներկայացնել իրենց, որպեսզի յուրաքանչյուր գործատու կարողանա այդ ամենը կարդալ, ուսումնասիրել և պայմաններ ստեղծել հանդիպելու ու ծրագրերն իրագործելու համար:

Այնուհետև ժողովի մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարներն ու ծրագրերը: Օրինակ՝ նրանցից մեկն ուներ գյուղատնտեսական ծրագիր՝ արդեն գրված, պատրաստի վիճակում:

Մասնակիցներից մեկն էլ ասել է, այս առաջարկն իրենց համար մեծ առաջընթաց է, որովհետև բոլորն էլ հույսեր են կապում, որ կարողանան մշտական աշխատանք ունենալ, երկրից չբացակայել: Նա ընդգծել է, որ այսօր շատ դժվար է Վայոց ձորում ինչ-որ գործ սկսելը, նույնիսկ դրամական միջոցներ ունենալու դեպքում, և առաջարկել է, որպեսզի լինի ուղեցույց, որով մարդիկ կառաջնորդվեն: Բնակիչն ասել է, որ ցանկանում է ունենալ մեղվաբուծական բիզնես, բայց չգիտի, թե իր արտադրած ապրանքն ինչպես կիրացվի, նաև չի պատկերացնում, թե ինչից սկսել և ինչով ավարտել:

Առաջարկի վերաբերյալ Արամ Սարգսյանն ասել է, որ իրենք ուզում են նպաստել հենց այդ խնդրների լուծմանը.

-Օրինակ, Ճապոնիայի դեսպանությունը մեզ ասում է, որ իրենք շահագրգիռ են աջակցել Հայաստանում նման ծրագրերին  և  արտադրանք ստանալ: Եթե դուք այդ առաջարկը մեզ տաք, ես իրենց կառաջարկեմ ընդունել ձեզ,-ասել է նա:

Վլադիմիր Աղայանն էլ ասել է, որ պետք է իրականացվեն լուրջ հաշվարկներ՝ միաժամանակ ընդգծելով, որ կոնկրետ առաջարկների դեպքում կլուծեն նաև իրացման հարցը, և հորդորել է լինել համարձակ ու չվախենալ ծրագրերը ներկայացնելուց:

Առաջարկներ են եղել նաև երիտասարդների կողմից: Օրինակ՝ մարզի բնակիչ Կարեն Մաթևոսյանն ասել է, որ ունի բնապահպանական աշխատանքների ծրագիր, որով նախատեսում է հավաքել երիտասարդների խումբ և մաքրման աշխատանքներ կատարել Հայաստանի համար մեծ արժեք ունեցող պատմական տարածքներում:

Մասնակիցների բոլոր առաջարկներն ընդունվել են ի գիտություն և նշվել է, որ դրանց հնարավորինս  լուծումներ կտրվեն:

Vesti.am