-Այն շահագործման է հանձնվել 1976-ին և աշխատել մինչև այն մեծ ճգնաժամը, որը եղավ մեր երկրում։ 4-5 տարի դիտակը չի շահագործվել, քանի որ էլեկտրաէներգիա չկար չկար,-ասել է նա՝ հավելելով, որ միայն 1996-ին ֆրանսիացի ընկերների օգնությամբ տեղադրվեց նոր թվային սարքավորում և սկսվեցին դիտումները:
Մովսիսյանն ասել է, երբ դիտման համակարգն անալոգայինից փոխվեց թվայինի, ավելի թույլ օբյեկտներ հնարավոր եղավ ուսումնասիրել, բացի այդ դիտակն ավելի ճիշտ սկսեց հետևել աստղերին:
Աստղադիտարանի փոխտնօրեն, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը նշել է, որ փոքր երկիր լինելով հանդերձ, Հայաստանն ունի հզոր գիտություն, որը դեռևս զիջում է միայն աշխարհի ամենաառաջավոր երկրներին:
Նրա խոսքով բացասական միտում կա և նկատելի է, որ գնալով հետ ենք մնում.
-Աստիճանաբար կարող ենք հետընթաց արձանագրել, որովհետև առանց ներդրումների, միայն մարդկային էնտուզիազմով հնարավոր չէ, իսկ հիմնականում հենց մարդկային էնտուզիազմի վրա է հիմնված եղել մեր աշխատակիցների նվիրվածությունը, որը վերջին 25 տարում կարողացել ենք պահպանել: Մինչև հիմա էլ գիտնականի միջին աշխատավարձը ցածր է Հայաստանում գոյություն ունեցող միջին աշխատավարձից: Ես ոչ թե բողոքում եմ, այլ հպարտանում, որ այդ պայմաններում նույնպես հայ գիտնականները կարողանում են իրենց դրսևորել,- ասել նա ընդգծելով, որ ներկայումս աստղագիտության ոլորտում միջին տարիքի մասնագետների առջև անդունդ է, քանի որ տարիներ շարունակ ոչ ոք չէր հետաքրքրվում դրանով, բայց հիմա երիտասարդները հետաքրքրվում են:
Ըստ Միքայելյանի՝ եթե նախկինում աստղագետները Համբարձումյանով հիացած մտում էին այս ոլորտ, նույնիսկ չհետաքրքվելով աշխատավարձի չափով, ապա այսօր առաջին հերթին հետաքրքրվում են, թե ինչքան է աշխատավարձը:
-Մենք ունենք լրացուցիչ առավելություններ: Օրինակ՝ շատ լավ արտասահմանյան կապեր, շատ հաճախ մեր աստղադիտարանից գործուղումների են մեկնում, միջազգային գիտաժողովների են մասնակցում, երիտասարդներին ամեն կերպ փորձում ենք ոգևորել, որպեսզի նրանց առաջընթացն ապահովենք, բայց ցավոք, ունենք նաև կադրերի արտահոսք,- ասել է փոխտնօրենը:
Միքայելյանն ասել է, որ երիտասարդ կադրերի զգալի մասը մեկնում է անվերադարձ: Միակ լուծումն այն է, որ դինամիկական քանակ ապահովվի: Նրա խոսքով հնարավոր չէ ստիպել, որ որևէ երիտասարդ մնա, պարզապես ընդհանուր քանակի մեջ պետք է այնպես անել, որ գոնե այստեղ աշխատող երիտասարդների որոշակի քանակություն միշտ ունենանք:
Անդրադառնալով Բյուրականի աստղադիտարանի վայրին, նա նշել է, որ վայրն այդքան էլ հաջող չէ ընտրված, պարզապես այն ժամանակ հնարավոր չէր անսահմանափակ միջոցներ տրամադրել և այն կառուցել Արագածի գագաթին:
-Ծախսերը հաշվարկելով, Համբարձումյանը որոշել է օպտիմալ տարբերակ, չնայած այն ինչքան Երևանից հեռու լիներ, այնքան ավելի լավ կլիներ, քանի որ քաղաքի լույսերը խանգարում են, բայց ոչ ոք չէր պատկերացնում այսպիսի զարգացում, նույնիսկ Թամանյանը, երբ հատակագիծն էր նախագծում: Աստղագետների հետ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով՝ վերջնական որոշումը կանգ է առել այս վայրի վրա,- եզրափակել է Միքայելյանը:
Vesti.am