ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է հեռավար ուսուցման գործընթացի առաջին շաբաթը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին։
«Մենք այսօր ամփոփում ենք հեռավար դասապրոցեսի իրականացման առաջին շաբաթը: Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտների 80 և ավելի տոկոսի ներգրավվածություն ունենք այս գործընթացում, ինչը հավասար է դպրոցներում հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին: Մենք մեծամասամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ դասապրոցեսի կազմակերպման հետ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք փորձում են լուծել: Անդրադառնալով դասապրոցեսը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներին՝ Հարությունյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը կլինի, բայց շատ փոքր չափով: