Ընդամենը մի քանի շաբաթ առաջ շատերը ու առաջին հերթին Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը համոզված էին, որ Արցախի նախագահական ընտրությունները ֆորմալ բնույթ են կրելու։ Համոզված էին, որ լինելու է մեկ փուլ և այդ մեկ փուլում հեշտությամբ արձանագրվելու է մի քանի մոր կաթ ուտող խելոք գառան կարգավիճակում հայտնված Արայիկ Հարությունյանի հաղթանակը։ Բայց այդպես չեղավ։
Հարությունյանին թվում էր, թե ինքը լուծել է իր հարցերը Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախկին իշխանության ներկայացուցչից դառնալով «թունդ հեղափոխական»։ Սակայն պարզվեց, որ ՀՀ իշխանությունները ձեռքի հետ նաև երկրորդ «հեղափոխական» թեկնածուին են ներմուծում Արցախ, այն էլ՝ սորոսականների հետ համաձայնեցված։ Խոսքը Մասիս Մայիլյանի մասին է։ Դա առաջին գլխացավանքը դարձավ Արայիկ Հարությունյանի համար։ Առաջին, բայց ոչ հիմնական գլխացավանքը։
Նրա հիմնական գլխացավանքն այժմ գեներալ Վիտալի Բալասանյանն է։
Եթե Մայիլյանի դեմ պայքարում Արայիկ Հարությունյանն իրեն հանգիստ է զգում, քանզի սորոսականի դեմ կռիվ տալը Արցախում շատ հեշտ է, ապա նա որևէ գործիք չունի Բալասանյանի հետ մրցելիս։ Վերջինիս վրա ո՛չ կոռուպցիոն սկանդալ կա, ո՛չ թալան, ո՛չ էլ այլ բան։ Ինչը չես ասի Հարությունյանի պահով։
Այն, որ նախագահական ընտրությունները Արցախում կանցնեն երկու փուլով, արդեն համակերպվել է անգամ Հարությունյանը։ Նա անընդհատ խոսում է մեկ փուլի մասին, բայց դա ավելի շատ իր շրջապատին դուխից չգցելու համար, քանզի շատ լավ գիտի, որ մեկ փուլով հաղթանակը գիտական ֆանտաստիկայի ոլորտից է։
Պարադոքսն այն է, որ փողի ու վարչական ռեսուրսի շնորհիվ լինելով ընտրարշավի առաջատարը՝ Հարությունյանը երկրորդ փուլում մեծ հավանականությամբ կպարտվի։
Տարբեր հարցումները և դիտարկումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլում կհայտնվեն Վիտալի Բալասանյանը և Արայիկ Հարությունյանը։
Մասիս Մայիլյանին թեև աջակցում են ՀՀ իշխանությունների սորոսական թևն ու բուն սորոսականները, բայց դա ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում Արցախի գործող արտգործնախարարին։ Արցախցիները հո խելքները հացի հետ չեն կերել, որ Ռուսաստան մտնելու արգելք ստացածին և ինքնուրույնության ցածր տոկոս ունեցող մեկին լուրջ ձայներ տան։
Ինչ վերաբերում է երկրորդ փուլի ելքին, ապա Հարությունյանի դեմ այդ ժամանակ աշխատելու է իր ամենամեծ հակավարկանիշը։ Բոլոր 14 թեկնածուների մեջ նա ունի ամենաբարձր հակավարկանիշը (երկրորդ հակավարկանիշավորը Մայիլյանն է):
Ընտրարշավի ընթացքում Հարությունյանն անընդհատ կորցրեց ու, եթե դրան գումարենք նաև այն, որ նա ասոցացվում է տարիներ շարունակ Արցախում եղած անարդարությունների, օլիգարխիկ հարաբերությունների և այլ բացասական երևույթների հետ, ապա պարզ է, որ Բալասանյանն այս ամենի ֆոնին ավելի բարձր կոնսոլիդացնող ռեսուրս ունի և հաղթանակի ավելի մեծ շանս։
Բալասանյանի քարոզարշավը նման էր բլից–կրիգի, երբ կարճ ժամանակահատվածում ճեղքում է ապահովվում։ Ուղիղ խոսք ասող գեներալի իմիջին ավելացավ նաև ճկուն քարոզչական մարտավարությունն ու կրեատիվ թիմ ստեղծելու կարողությունը։
Թե ինչպիսին կլինի բուն ընտրական պատկերը, պարզ կդառնա ապրիլի 1–ին, ապա՝ 14 օր անց։ Ճակատագրի հեգնանքով դա խաբելու օրն է և պետք է հուսալ, որ հուսախաբության օր չի դառնա Արցախի ու աշխարհի հայության համար։
Ի դեպ, չի բացառվում, որ Բակո Սահակյանն այդուհանդերձ գնա արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները չեղարկելու ճանապարհով։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ «կինոյից» է։