Արցախում շատ հաճախ կրկնօրինակում են այն ամենը, ինչ արվում է Հայաստանում՝ օրենսդրությունից մինչև այլ հարցեր։
Կան, սակայն, բաներ, որոնք կան Հայաստանում ու չկան Արցախում։ Լավ իմաստով չկան։ Օրինակ՝ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանել չկա։ Համենայնդեպս մինչև վերջերս չկար։ Ասում են, թե արդեն Հայաստանից այդ վատ բարքերը տեղափոխել են Արցախ և նախագահի թեկնածուներից մեկն իր օլիգարխիկ գումարներից բաժին է հանում նաև հպարտ արցախցիներին։ Բայց հիմա սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Որոշումն ուշացած էր, բայց անհրաժեշտ։ Կանխարգելման ու վարակի լոկալացման փուլը շատ վատ կազմակերպվեց մեզանում, քանի որ «այո»–ի քարոզն ավելի էր կարևորվել, քան մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հենց տեսան, որ բանը բանից անցնել է, դադարեցրին քարոզն ու շտապեցին արտակարգ դրություն հայտարարել։
Արցախում պետք է սխալ օրինակից ճիշտ հետևություն անեն։ Պետք է կանխարգելիչ քայլերի գնան ու որոշում կայացնեն։ Արտակարգ դրություն մտցնելու որոշում։ Բակո Սահակյանը դեռ Արցախի նախագահն է ու դեռ պատասխանատու է Արցախի ժողովրդի անվտանգության, այդ թվում՝ առողջության պահպանման հարցում։
Հասկանալի է, որ արտակարգ դրության դեպքում մարդկանց խմբերով հավաքվելը կարգելվի, ինչը նշանակում է նաև մարդկային կոնտակտ ենթադրող քարոզչության արգելում, բայց հոգ չէ դա, քանզի արտակարգի պայմաններում ընտրությունները կհետաձգվեն և բոլոր թեկնածուներն ու կուսակցությունները նույն պայմաններում կհայտնվեն։
Հիմա կարևորը մարդկանց կյանքն ու առողջությունն է։ Բակո Սահակյանը պետք է որոշում կայացնի։