Հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ Ազգային ժողովում, որտեղ քննարկվում էր Դատական օրենսգիրքը: Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ արդարադատության նախարարին «բարդ» հարց տվեց, թե որտե՞ղ և ինչպե՞ս են բողոքարկվելու ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները, եթե ՍԴ-ն չի կարող իրեն վերաբերվող հարց քննարկել:
Պարզվում է, որ 6 ամսում 16 հազար դոլար պարգևավճար ստացող ՀՀ արդարադատության նախարարն այդ հարցի պատասխանը չունի: Ավելի ճիշտ ունի՝ այն միարժեք չէ: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանական ողջ թիմը ամեն ինչ անում է, որ բարձրաստիճան պետպաշտոնյաները բարձր աշխատավարձ և պարգևավճար ստանան, բայց դրա դիմաց պահանջվող արհեստավարժության մասին մոռացվել է: ՀՀ արդարադատության նախարարը փաստորեն չի իմանում, թե ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները դատական եղանակով պաշտպանելու իրենց իրավունքները: Եթե այդպես պատասխաներ Արսեն Թորոսյանը (առողջապահության նախարար) կամ Արայիկ Հարությունյանը (ԿԳՄՍ նախարար), դեռ ոչինչ, թեև իրենք էլ են աստղաբաշխական պարգևավճարներ ստանում, բայց արդարադատությա՞ն նախարարը: Տեսարանը հիշեցնում էր գրատախտակի մոտ կանչված ծույլիկ աշակերտին:
Հանուն արդարության պետք է նշել, որ Ռուստամ Բադասյանը լավ սերտել է մեկ այլ պատասխան. ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե, այստեղ ուշադրություն, խնդիրը վերաբերվում է հանրաքվեի արդյունքներին: Ստացվում է, որ ՍԴ 9 դատավորը ցանկացած դեպքում չեն կարող քննարկել իրենցից 7-ին վերաբերվող խնդիրը, բայց բողոքը կարող է ուղղվել ՍԴ-ին: Ըստ պատասխանի տրամաբանության, Ռուստամ Բադասյանը գրեթե չի կասկածում, որ արդյունքները լինելու են անվիճարկելի: Որտեղի՞ց այդ համոզմունքը արդարադատության նախարարին: Նա հանրաքվեի արդյունքների և քվեարկության ընթացքի մասին այնպիսի տեղեկատվության է տիրապետում, որ ՀՀ մյուս քաղաքացիները չգիտեն և դեռ պատրաստվում են քվեարկությա՞ն: Թե՞ հույսն, այնուամենայնիվ, Տիգրան Մուկուչյանի գերբնական «հատկանիշներն» են:
Այս պահի դրությամբ արձանագրենք երկու իրողություն՝ կառավարությունը չգիտի կամ չի կարողանում բացատրել, թե ինչպե՞ս են քվեարկության արդյունքները քննարկվելու Սահմանադրական դատարանում և ինքնաբացարկի հարցը թողնում է «ներքին հարց», կառավարությունն անարդյունավետ է աշխատում, որովհետև արդարադատության նախարարը չի տիրապետում իրավիճակին, բայց հազարավոր դոլարների պարգևավճար է ստանում: