Foto

Պարգևատրվեցին տարվա լավագույն մարզիկները

Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն տասը մարզիկները» պարգևատրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ նախագահի նստավայրում կայացած արարողության ընթացքում վարչապետը մարզիկներին հանձնեց 5-ական միլիոն դրամ պարգևավճար: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունն այս տարի փոփոխության կենթարկվի, բայց մինչ այդ կլինի հանրային քննարկում:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի 10 լավագույնների շարքում լինելը, քանի որ մեր երկիրը մարզական ավանդույթներով հարուստ երկիր է. «Ամեն մի տիտղոս իր տեղ ու դերն ունի իմ կարիերայում: Մենք զգում ենք այս ուշադրությունը, որը ոգևորում է մեզ»,- ասաց նա:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի համար էլ նմանատիպ պարգևատրությունները կարևոր են, որոնք ոգևորություն են հաղորդում մարզիկներին: «Գնում եմ Օլիմպիական խաղերի ոսկու հետևից և մարտական եմ տրամադրված: Նման միջոցառումները շատ խրախուսական են և պարտավորեցնող»,-շեշտեց նա:

Մարզական լրագրողների, ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքում 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գալստյանը, Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Հակոբ Մկրտչյանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը: