Foto

Հանուն ինչի՞ են զոհվում մեր զինվորներն ըստ Փաշինյանի

Հանրային հեռուստատեսությանը տրված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը արցախյան կարգավորման վերաբերյալ հայտարարել է. «Երբ այդ ստատուս քվոն ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի»:

Բնականաբար մի շարք հարցեր են ծագում, որոնց պատասխանները լույս կսփռեին վարչապետի մյունխենյան «ռեբուսների» վրա:

Մասնավորապես հետաքրքիր է, թե որտե՞ղ էր ստատուս քվոյի ձևավորման ժամանակ Նիկոլ Փաշինյանը և ումի՞ց է իմացել, թե ինչ նպատակով են տարածքները «վերահսկողության տակ» վերցվել: Որքան հայտնի է, Ղարաբաղի թեմայով Նիկոլ Փաշինյանը զրուցել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և այդ զրույցն իրեն շատ բան չէր տվել: Համառորեն արհամարելով «ազատագրել» եզրույթը, Փաշինյանն աստիճանաբար շրջանառության մեջ է դնում «վերահսկողության տակ վերցնել» բառակապակցությունը և փորձում է դրան պատմական և դիվանագիտական հիմնավորում տալ: Եթե վարչապետը կարծում է, որ սրանից հետո ադրբեջանցիները կխուսափեն օգտագործել «օկուպացված» եզրույթը, ապա պետք է հիասթափեցնեմ: Նրանք նույնիսկ Գուրգեն Մարգարյանի սպանության գործի առիթով Փաշինյանի կողմից ոչ մի կերպ չհիշատակվելու պարագայում շարունակում են հերոսացնել մարդասպանին:

Հիմա ժողովրդի և նրա կամարտահայտման մասին: Միշտ էլ ողովրդի անունից խոսելը հեշտ է, կոնկրետ մարդուն հղում չես կատարում, կոնկրետ մարդու առաջ պատասխանատու չես, հարկ եղած դեպքում էլ ո՞վ է դռնեդուռ հարցնելու ժողովրդին, որ կարծիքն իմանա: Դա մեր վարչապետի և իր քաղաքական թիմի ամենամեծ կռվանն է: Պետք է ասֆալտին փռել՝ ժողովուրդն է պահանջում, ՍԴ դատավորներից ազատվե՞լ՝ խնդրեմ, ժողովուրդը: Արցախի հարցն էլ է սահուն կերպով դրվում ժողովրդի վրա, այն ժողովրդի, որ մի անգամ արդեն իր համար լուծել է այդ հարցը, ազատագրելով իր պատմական հայրենիքի մի մասնիկը: Բայց քանի որ դրանից արդեն մոտ երեք տասնամյակ է անցել, արդեն կարելի է հողի հոմանիշ դարձնել անվտանգությունը, ինչ-որ անհասկանալի թեզեր առաջադրել որպես «մյունխենյան սկզբունքներ»: Արդեն վաղուց Փաշինյանը շրջանառում է երեք կողմերի բանաձևը, դրանով տարբերակում մտցնելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև: Բնականաբար, եթե իր քաղաքական նպատակներին պետք է, կարող է նաև Արցախը Հայաստան հայտարարել և վերջ: Իսկ երեկվա հարցազրույցում ուղղակի փորձ արվեց միջամտել Արցախի առաջիկա ընտրություններին՝ հասկացնելով, թե ով կամ ինչպիսին պետք է լինի Արցախի ապագա քաղաքական իշխանությունը: Լա՛վ, եթե հարցը հասնի ժողովրդի կամարտահայտմանը և պարզվի որ Հայաստանի ժողովուրդն ու Արցախի ժողովուրդը տարբեր տեսակետներ ունեն անվտանգության վերաբերյալ, ի՞նչ որոշում է կայացնելու Հայաստանի իշխանությունն ու անձամբ վարչապետը: Հայաստանը պատրա՞ստ է շարունակել մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Իմ համեստ կարծիքով դրա վերջնական պատասխանը կտա առաջիկա սահմանադրական հանրաքվեն: Եթե ապրիլի 5-ին Փաշինյանի «կուրսին» հավանություն տրվի, ապա Արցախի հարցում հանրաքվեի արդյունքները Հայաստանում գրեթե կանխատեսելի են: Ազատվելով «անախորժ» ՍԴ-ից, Նիկոլ Փաշինյանը դժվար թե դիմադրի Նոբելյան մրցանակ ստանալու իր «պատմական» շանսի գայթակղությանը: Էլ ո՞վ կամ ինչպես է դիմադրելու, եթե հա՛մ մեխն է իր ձեռքը լինելու, հա՛մ մուրճը, այսինքն անսահմանափակ և բացարձակ իշխանությունը: Հավանաբար ինքը Գորբաչովի մասին միայն բեռլինյան պատից գիտի:

Իսկ վերջում մի հռետորական հարց. այսքանից հետո արդյո՞ք վարչապետն այսօր ունի այն հարցի պատասխանը, թե հանուն ինչի՞ են զոհվում մեր զինվորները կամ շարունակո՞ւմ է կիսել այն կարծիքը, թե մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան