Foto

Սիրիայի ԱԳՆ. «Թուրքական ռեժիմի պարագլխի հայտարարություններն իրականությունից կտրված են»

Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել  թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:

Սիրիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությանը:

Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարությանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Թուրքական ռեժիմի պարագլխի կատարած սին հայտարարությունները միայն իրականությունից կտրված մարդը կարող է անել»: 

Նշենք, որ Թուրքիայի նախագահը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Եթե նույնիսկ նվազագույն վնաս հասցվի մեր զինվորներին, ապա ամենուրեք կհարվածենք վարչակարգի ուժերի դիրքերին (Սիրիայի կառավարական ուժեր-խմբ) լինի դա Սոչիի համաձայնագրի շրջանակում և թե դրանից դուրս»:

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում թուրքական բանակի 13 զինվոր էր սպանվել: Ռուսաստանը Թուրքիային մեղադրել էր Սիրիայի հարցով հոկտեմբերին Սոչիում կնքնված համաձայնագիրը խախտելու մեջ: