Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրեց և բացառապես իր քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշումը: Հատկանշական է, որ իրավագիտական գրեթե ողջ հանրությունը, քաղաքական գործիչները, բացի «ԻՔ» պատգամավորներից ու նրանց արբանյակներից օրենքի տառին համապատասխան քննադատում և կասկածի տակ են դնում այդ որոշման օրինականությունը: Թեև խնդրին օպերատիվորեն արձագանքեց նույնիսկ միջազգային հանրությունը, բայց Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի դեմս վարչապետի, վերջնագիր ներկայացրեց իր քաղաքական ընդդիմախոսներին:
Բայց այս ամենը, ինչպես ասում են, դեռ «ժուռնալն» է՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հրամանագիրը դեռ պետք է ստորագրվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Հենց այստեղից է սկսվելու իսկական կինոն: Վերոհիշյալ օրենքի հեղինակները անընդհատ հանրությանը ներկայացնում են մի խուճուճ դեդեկտիվ պատմություն, թե ինչպես Հրայր Թովմասյանը «քյոլեց» խորամանկ Սերժին ու ՀՀԿ-ին և «տիրացավ» Սահմանադրական դատարանին: 18 թվականի ապրիլյան օրերին էլ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն կասկածի տակ էր դնում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Հիմա նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է ապացուցեն, որ ՀՀ նախագահի վրա ճնշում չկա և Արմեն Սարգսյանը իր որոշումը կայացնելու է բացառապես Սահմանադրության երաշխավորի դիրքից: Երկու օր առաջ վարչապետն ու նախագահը արդեն հանդիպել և քննարկել են ՍԴ հարցը: Սարգսյանը դիվանագիտական ոճով հայտարարեց, որ պատրաստ է քննարկման, իսկ Փաշինյանը իրեն հատուկ վերջնագրային ոճով նույն օրը հայտարարեց, որ Նախագահը կիսում է իրենց տեսակետը:
Նախագահը ֆորմալ առումով ազատ է ստորագրել կամ չստորագրել, բայց այս բեկումնային պահին Նիկոլ Փաշինյանը պետք է Արմեն Սարգսյանին լեգիտիմացնի նույն այն ժողովրդի աչքերում, ում անունից պահանջում է Հրայր թովմասյանի և մյուս վեց դատավորների գլուխները, նույն այն ժողովրդի, որին հեղափոխության օրերին հավատացնում էր, թե Արմեն Սարգսյանը օրենքի խախտմամբ է նախագահ նշանակվել: Թեև նախագահի լեգիտիմության աղմուկը անձամբ Փաշինյանի նախաձեռնությամբ էլ մարվել է, բայց առաջիկայում հանրաքվեի տեղամաս գնացող քաղաքացիներին պետք է անպայման հետաքրքրի, թե նախագահի քաղաքացիության վերաբերյալ «բարաթը» իրականում գոյություն ունի՞, նա լեգիտիմ իրավունք ունի՞ ստորագրել օրենքներ: Այլապես կստացվի, որ Սերժի ձեռամբ ՍԴ ուղարկված Հրայր Թովմասյանի ու ՍԴ դատավորների, իսկ լայն իմաստով երկրի դատական իշխանության ճակատագիրը և հետագա անվտանգությունը որոշում է մի մարդ, որը նույն Սերժի շնորհիվ ու հովանավորությամբ դարձել է նախագահ և հրապարակավ չի փարատել իր լեգիտիմության նկատմամբ կասկածները:
Նիկոլ Փաշինյանը կարող է նույնիսկ անտարբեր մնալ սույն նուրբ հանգամանքին: Նրա համար յուրաքանչյուր մեկը, անկախ իր մութ անցյալից, ընդունելի է, եթե պատրաստակամություն է հայտնել համագործակցել իր հետ: Բայց Արմեն Սարգսյանն ուղղակի պարտավոր է հիմա հրապարակել «բարաթը»: Այլապես ավելի կխորացնի Նիկոլ Փաշինյանի ձեռքին խամաճիկ լինելու կասկածները և պետք է պատրաստ լինի մի օր էլ Հրայր Թովմասյանի տեղում հայտնվելու հեռանկարին: Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու և ընդլայնելու ճանապարհին պատրաստ է ցանկացած զոհաբերության, այդ թվում և իր՝ Արմեն Սարգսյանի: