Foto

Հայաստանը միջազգային խոշորացույցի տակ է հայտնվել

ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողները կարծիք էին հայտնել, որ «լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումները, թե բարեփոխումներ, որոնք արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում»։

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել «նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումներ» ձևակերպման վրա: Հայտնի է, որ Հայաստանում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների փուլը: Առայժմ դեռ ձևավորվում է մասնագիտական հանձնաժողովը, բայց արդեն կասկածի ստվերը պարուրել է այն: ՀՀ արդարադատության նախարարն անթաքույց հայտարարեց, որ այդ հանձնաժողովի անդամներն ընտրվում են «քաղաքական նպատակահարմարությամբ» կամ չեն ընտրվում հենց նույն պատճառով: Սա լուրջ անհանգստության տեղիք է տալիս առաջին հերթին ներհայաստանյան քաղաքական զարգացումների ենթատեքստում, որն իր հերթին չի կարող չանհանգստացնել մեր արտաքին գործընկերներին:

Փաստացի իշխող թիմը հայտարարում է, որ բացի իրենցից, այլ քաղաքական ուժեր, հոսանքներ Հայաստանում գոյություն չունեն: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը բացառապես «պրոֆեսիոնալների» գործն է, որոնց «նշանակում» է հենց ինքը: Սա առաջին հերթին ներքաղաքական ազդակ է, որով երկրի քաղաքացիներին ասվում է, իբր Հայաստանի քաղաքական դաշտն այնքան թույլ է, որ նրանց կարծիքը եղանակ ստեղծել չի կարող կամ ընդդիմադիր կուսակցություններ և ուժեր գոյություն չունեն:

Սա արդեն էշխող կուսակցական թիմի համար բրենդային ձեռագիր է: Հայաստանում 1991 թվականից հետո ոչինչ չի ստեղծվել, այն ամենն ինչ կատարվում է վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, աննախադեպ է, ֆանտաստիկ է, ամենուր անապատ էր և միայն հզորագույն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ հասկանում է «ֆուխարայի հալից», բանակ է կառուցում, զենք գնում, տնտեսություն հիմնում ու դրա վառ ապացույցն ամեն օր մատուցում «աննախադեպ» վիճակագրական խավարտով: Որ Հայաստանում ոմանք դրան դեռ հավատում են, հասկանալի է, նրանք սպասում են խոստացված կայծակնային բարեփոխումներին և օլիգարխներից խլված փողերն են մտովի կիսում: Բայց միջազգային հանրությունը լավ է հասկանում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների տրամաբանությունը և տարբեր առիթներով զգոնության և զսպվածության կոչեր է անում: Լեհաստանի օրինակը ամենաթարմ և վառ ապացույցն է, թե ինչպես են աշխարհում վարվում խաղի ընդունված կանոնները սեպարատ խախտած գործընկերոջ հետ: Մյուս կողմից սա ազդակ է նաև քաղաքական դաշտի դեմքը չկորցրած մյուս մասնակիցների համար՝ համախմբվելու, չարության և ատելության տոտալ քարոզչական գրոհներից սթափվելու:

Հայաստանը տասնամյակներ շարունակ լրջագույն քայլեր է կատարել միջազգային հանրությանն ընդգրկվելու, տարածաշրջանում ժողովրդավարական բարձր վարկանիշ ձեռք բերելու համար: Իսկ երկրի իշխանություններն ունե՞ն այն ներուժը, որ մեզ պահեն այդ դիրքերում: Դատելով ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման զեկույցին իշխանության արձագանքներից՝ հազիվ թե:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան