Foto

Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրգործը

Դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին հայտնում է Datalex տեղեկատվական համակարգը։
Դատական նիստը կքննի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ներսեսի Միսակյանը։ Դատական նիստի օր առաջիկայում նշանակված չէ։
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը հունվարի 29-ին հաստատել ու ուղարկել էր դատարան Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։
Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Սերժ Սարգսյանից բացի, այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ Բարսեղ Բեգլարյանին, Սերգո Կարապետյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին։ Ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։
Ըստ ՀՔԾ-ի, 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։
Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը: