Օրեր առաջ, երբ հրապարակվեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մասանակիցներին առաջադրվող պայմանները, կարծիք հայտնեցի, որ փորձ է արվում ստեղծել իշխանությունների քիմքին հարիր մարմին: Այսօր արդեն ակնհայտ է, որ հենց այդպես էլ կա և թեկնածուների ընտրությունը կատարվում է հենց քաղաքական նպատակահարմարությամբ:
Այո՛, իշխանությունները ձեռնամուխ են եղել սեղմ ժամկետներում և ցանկացած եղանակով տիրանալ Սահմանադրական դատարանին, որովհետև հանձնաժողովի բուն թիրախը հենց դատաիրավական համակարգն է: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դա նույնիսկ չի էլ թաքցնում, բայց այն, ինչը ստացվելու է այդ բաեփոխումների արդյունքում, նախաձեռնության հեղինակներին չի էլ հուզում: Եթե այդ բարեփոխումների հետևանքով պարտադրված լինենք նոր կազմով և նոր սկզբունքներով Սահմանադրևական դատարան ունենալ, դա անկախ դատական իշխանության տապանաքարն է դառնալու:
Լավ, իսկ ո՞ւմ և ինչո՞ւ է դա պետք: Մի՞թե այսօրվա իշխանությունը նորմալ գործող (դա հաստատեց վարչապետը Կապանի ասուլիսի ընթացքում) ՍԴ-ի հետ խնդիր ունի: Այս հարցը տրվում է բոլոր իշխանավորներին և բոլորի մոտ նույն հերթապահ պատասխանն է, իբր թե այն չի արտահայտում ժողովրդի կամքը: Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ նոր ՍԴ-ն արտահայտելու է ժողովրդի և ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանի կամքը: Եթե այսօր ՍԴ-ն իր գոյությամբ և անդամներով ոչ մի կերպ չի նույնացվում իշխանության մյուս թևերի հետ, իրական անկախության էլ ի՞նչ երաշխիքներ են պետք: Այսինքն ՍԴ-ն իշխանությունների համար վտանգավոր է հենց իր իրական անկախությամբ:
Ընդդիմադիր թևի ներկայացուցիչները իշխանությունների գործողություններում կոնկրետ հանցակազմ են տեսնում և պատրաստվում են հակամարտությունը իրավական հարթություն տեղափոխել և մտնել տևական դիրքային պայքարի շրջան: ՍԴ-ն «պրիստուպով» գրավելու իշխանությունների էներգիան գնալով մարում է և «շահառուները» հայտնվում են ցունգցվանգի մեջ:
Հակառակի պես էլ Ժնևից հայտնում են 2019-ին ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածությունների, քննարկված առաջարկների իրականացման, հնարավոր հաջորդ քայլերի, սկզբունքների և տարրերի, ժամանակացույցի և օրակարգի մասին: