Foto

Ցոլակ Հակոբյան․Փաշինյանն ինձ որևէ հարցով երբևէ չի դիմել. տարածված կեղծ լուրը բորբոքված ուղեղի հիվանդագին ֆանտազիա է

Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանը հերքում է ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, և ինքը երկրի ղեկավարի բուժող բժիշկն է:  

«Ես այս պահին գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունից դուրս, և պատահաբար համացանցում կարդացի այս սուտ լուրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ինձ անձամբ կամ իմ կլինիկա որևէ հարցով երբևէ չեն դիմել։ Այն, ինչ տարածվել է համացանցում, կեղծ լուրեր են, դա լկտի սուտ է, ինչ-որ բորբոքված ուղեղի կամ ուղեղների հիվանդագին ֆանտազիա, և իրականությանը չհամապատասխանող զառանցանքային ենթադրություն է», - գրել է Ցոլակ Հակոբյանը Facebook-ի իր էջում: 

Ավելի վաղ ռուսական «Новые Ведомости» կայքը գրել էր, որ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել: Հոդվածի հեղինակն է Վիկտոր Միխայլովը։

Կայքի հաղորդմամբ, որը հղում է անում «Мастер пера» Տելեգրամ-ալիքին, Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել բուժօգնության դիմել և նրան բուժող բժիշկը Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն է:

Կայքը գրել է նաև, որ, ըստ Незыгарь Տելեգրամ-ալիքի, նևրաստենիայի ախտորոշում ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին նյարդային լարվածությունը հանող դեղամիջոցներ ու հանգիստ են նշանակել: