ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիների հետ վերջին զրույցից հետո մի քանի հարցեր են ծագում, որոնցից երկուսին, որպես փաստ, կցանկանայի անդրադառնալ:
Այսպես, ներկայացնելով «մանրուքներ» ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ընթացքում (հեղափոխությունից հետո) Սահմանադրական դատարանը նորմալ աշխատում է, ՍԴ նախագահը լոյալություն է ցուցաբերում: Այսինքն այն կարծիքները, թե սահմանադրական դատարանում կա ճգնաճամ և որ այդ ճգնաժամը հաղթահարելու համար պետք է հնարավորություն տրվի այդ դատավորներին վաղաժամ թոշակի գնալ, անհիմն են: Ուստի առնվազն իրավունք ունեն գոյություն ունենալ այն կարծիքները, որ այս «բոլոլան» ուղղված է միայն Հրայր Թովմասյանի անձի դեմ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ակամա մի հետաքրքիր բացահայտում է կատարում: Պարզվում է, որ Հրայր Թովմասյանի «չարաճճիությունների» մասին նա տեղեկացվել է դեռևս մեկուկես տարի առաջ, բայց զբաղված լինելով ավելի կարևոր գործերով՝ երկրի տնտեսություն, նոր կառավարության ստեղծում, վերելակային դիվանագիտություն (իսկ գուցե Քոչարյանի ձերբակալություն), դրան չի անդրադարձել: Այսինքն երկրի վարչապետը և կառավարությունը ի վիճակի չեն միաժամանակ հետևել երկրում և դրա շուրջը ծավալվող իրադարձությունների ամբողջ ծավալին: Սա արդեն երկրի անվտանգության մակարդակն է դնում հարցականի տակ, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ այսօր երկրի ողջ իշխանական պոտենցիալը՝ ԱԺ, կառավարություն, Հրայր Թովմասյանի անձի շուրջ ծավալվող իրադարձությունների ռելսերին դնելով, աչքաթող ենք անում մեկ այլ կարևոր բան: Դա կարող է լինել Արցախի հարցը, նախկին բարջրաստիճան պաշտոնյաների առեղծվածային մահերի կամ ուրիշ հարց, որի մասին շարքային քաղաքացիները նույնիսկ տեղյակ էլ չեն և կարող են իմանալ մեկուկես տարի անց, երբ արդեն ուշ կլինի:
Վերջում մի «մանրուք» էլ իմ կողմից: Պարոն վարչապետ, քանի որ Ձեր խիստ զբաղվածության պատճառով միայն երկու օր առաջ լրագրողներից իմացաք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը աշխատանքի չի գնում ու ամիսներ շարունակ բարձր աշխատավարձ և պարգևավտրումներ է ստանում, այսինքն ծածուկ չարաշահում է Ձեր բարձր վստահությունը, ինչպե՞ս եք վստահում նրա նամակում տեղ գտած փաստարկներին: