Foto

Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի

Կառավարության որոշմամբ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կսահմանվի «կշռափաթեթավորում» հասկացությունը,  որով 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը)։

Նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։