Foto

«Սպանդանոցային» վերջնագիր Արցախի՞ն

«Սպանդանոցային» վերջնագիր Արցախի՞ն

Կրկին անդրադառնալով սպանդանոցային խնդրին, պետք է նախապես ասեմ, որ իրապես շահագրգռված եմ անվտանգ սնունդ ունենալ: Բայց «սպանդանոցային» թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի ԱԺ-ում տրված պարզաբանումները նորանոր հարցեր են առաջացրել:

Նախ ինձ և շատերին անհանգստացնում է այդ կարգավորումների կիրարկման մասնակի հետաձգումը: Երևանը հանրապետությունում արտադրված մսմթերքի խոշորագույն սպառողն է, բայց սահմանափակումները տարածվելու են հենց Երևանի խանութների և սննդի օբյեկտների վրա: Առողջ սննդի կողմանկիցները մի կերպ կդիմանան, եթե դրա արդյունքում մսի գինը չբարձրանա (սահմանափակ առաջարկի դեպքում դա գրեթե անհնար է): Բայց ինձ առավել անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանին թարմ մսամթերք մատակարարող Արցախի հարցը մնում է բաց: Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ եթե Արցախի կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանում արցախյան ծագման միս վաճառվի, ապա պետք է ընդունի նույն կարգավորումները, ինչը Հայաստանում է: Սա Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության տեսակետն է «սպանդանոցային» խնդրին:

Ամենայն հավանականությամբ Արցախի կառավարությունը դրա մասին իմացել է երեկ, այլապես վարչապետը կասեր, որ այդ կապակցությամբ խորհրդակցել են Արցախի կառավարության հետ, գուցե այնեղ արդեն աշխատում են նման կարգավորումներ ներդնելու վրա և այլն: Նախատեսվող ընտրություններից առաջ հիմնականում ագրարային տնտեսություն ունեցող Արցախի կառավարությունը դժվար թե այդպիսի ոչ պոպուլյար քայլ կատարի: Առավել ևս, որ այտեղ արտադրվող մսի մեծ մասը սպառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ ճանապարհային ենթակառուցվածքը, բնակավայրերի միջև հեռավորությունը չի՞ առաջացնի նույն խնդիրները, ինչ այսօր բարձրաձայնում են հայաստանյան ֆերմերները: Եթե Հայաստանում ֆերմերը չի կարողանում տեղավորվել սպանդանոցային ծառայությունների գնային միջակայքում, արցախցին կարո՞ղ է: Տեսակետ կա, որ Արցախի ֆերմերներն առայժմ կարոց են օգտվել Գորիսի կամ Վարդենիսի սպանդանոցների ծառայություններից, բայց այստեղ էլ հարցեր կան: Նախ կենդանի անասունի տեղափոխումը արդեն 30 կմ չի, որոշ դեպքերում՝ նույնիսկ 200 կմ: Բացի այդ, մեքենայով կենդանի անասուն ավելի քիչ կարելի է տեղափոխել, քան արդեն պատրաստի միս: Դրան գումարվելու են վերը նշված սպանդանոցային հզորությունների անբավարարությունը, երկրորդային հումքի (ոտք, գլուխ, մորթի, կաշի, փորոտիք) տնօրինման խնդիրները և անասունների տեղափոխման հետ կապված մյուս բարդությունները, որ մեր ֆերմերներն արդեն բարձրացրել են կառավարության առաջ:

Այստեղ նաև քաղաքական բաղադրիչ կա և, որքան էլ ՀՀ վարչապետը հայտարարի, թե Արցախը Հայաստան է, այն ունի իր պետականությունը՝ նախագահը, կառավարությունն ու խորհրդարանը: Միանշանակ չէ, որ նրանք կհամաձայնեն կամ օպերատիվ կարձագանքեն Հայաստանի կառավարության այս փաստացի վերջնագրին:

Արցախից դեռ արձագանք չկա: ԱՀ ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկայում նախատեսված ծրագրերին, նոր կարգավորումների մասին չի խոսել:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան