«Մենք ոչխար ծախող չենք, պետությունն է ոչխար առնող: Մենք պահող ենք: Մենք չպիտի գնանք իր դուռը, թե՝ ոչխար չե՞ս առնի: Ինքը պիտի գա մեր դուռը, թե ոչխար չունե՞ս մեզ տալու: Երկրորդ. մեր դուռը պիտի գա հարյուր բեռնատարով, ոչխարները լցնի մեքենաներն ու կես ժամում սպանդանոց հասցնի»:
Հրանտ Մաթոսյանի պատմվածքի հերոսի խոսքերը լույս են սփռում միս արտադրողների սպանդանոցային պարտաքիր մորթի դեմ բողոքի վրա: Ավանդաբար այս խնդիրը եղել է ակտուալ, որովհետև բնակչությանը առողջ սննունդով ապահովելու համար պատասխանատու մարմինները միշտ էլ գնացել են թույլ դիմադրության ճանապարհով, խնդիրը լուծելու փոխարեն այն «դելեգացրել» են ստորին օղակներ:
Ոչ ոք չի ցանկանում հիվանդ կամ վտանգավոր միս ուտել, բայց համակարգի անկատարության պատճառով վաճառողները դրա վրա միշտ էլ ձեռքները տաքացրել են: Պետությունը պարտավոր է ապահովել սննդի անվտանգությունը և դրա առկայությունը վաճառասեղանին, բայց այն, ինչ այսօր կատարվում է հանրապետությունում, ամենևին էլ այդ նպատակը չունի կամ չի լուծելու այդ խնդիրը: Բնակչությանը չի հետաքրքրում, թե ո՞վ է այդ միսը հասցնում խանութներին, նրան մսի որակն է հետաքրքրում: Պետությունը փոխանակ այդ կապուղին վերահսկելու, գլխացավն իր գլխից դրել է միս արտադրողի վրա: Ինչո՞ւ, որովհետև սպանդանոցի տերը սովորական բիզնեսմեն է, ով շահագրգռված է էժան առնել և թանկ վաճառել: Եթե շուկայում մսի դիֆիցիտ լինի, նրա համար ավելի լավ, ավելի թանկ կվաճառի: Այս ողջ շղթայում ամենախոցելին սպառողն ու արտադրողն են, այն էլ փոքր արտադրողները: Սպանդանոցների գերակշիռ մասը գգտնվում են խոշոր միսարտադրողների ազդեցության կամ վերահսկողության տակ, ովքեր շուկայում մսի հնարավոր դիֆիցիտի պայմաններում կարող են ավելի թանկ վաճառել իրենց արտադրանքը: Առաջիկայում գուցե խանութում մսի գինը չթանկանա կամ շատ քիչ թանկանա, բնակչությունն էլ դա գրեթե չզգա, բայց փոքր ֆերմերները դա անմիջապես կզգան իրենց վրա, որովհետև վարկեր և շրջանառու ազատ միջոցների կարիք ունեն: Այս իրավիճակում նրանք միայն մի ելք ունեն՝ բողոքել: Դա է պատճառը, որ հիմա փողոցում միայն փոքր ֆերմերներն են, անհատ գյուղացիներն ու մսագործները: Բիզնեսի ռիսկային պայմաններոմ շատ շուտով նրանց մեծ մասը կդադարի գործել, գուցե նաև արտագաղթեն կամ համալրեն գործազուրկների բանակը: Փոխարենը շուկան կգրավեն նախկին օլիգարխների (կարդա խոշոր սեփականատեր) հսկայական ֆերմաները: Միայն այդ ժամանակ սպառողը կզգա որակյալ սննդի գների թանկացումը, բայց արդեն այլընտրանք չի ունենա:
Հիմա կառավարության մասին: Ինչպես հասարակական հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում, այստեղ էլ կառավարությունը դիրքավորվել է ջայլամի պես, փորձելով մարդկանց դրդել ինքնակարգավորման մեխանիզմներ գտնել: Դա տեսնում ենք հանքարդյունաբերության, բնապահպանության, բնօգտագործման, առողջապահության ու կրթության ոլորտներում: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ երբ հասարակ քաղաքացիներն են փորձում պետական մարմինների հետ լուծել իրենց խնդիրները, բարգավաճում է կոռուպցիան: Իսկ սա կոռուպցիայի այն տեսակն է, որի դեմ ոչ ոք չի բողոքելու, գյուղացին չի բողոքելու իրենից ցածր գնով մթերում կատարող սպանդանոցի դեմ, որովհետև դրամի կարիք ունի, դեղի, անասնակերի կարիք ունի:
Բայց կառավարության համար մի լավ բան սրա մեջ կա՝ վարչապետը շուտով կհայտարարի, որ անցյալ ամսվա, տարվա ու պատմական ողջ ժամանակահատվածի նկատմամբ սպանդանոցային մորթի աննախադեպ աճ է գրանցվել: